«Մամ, ինչի՞ են թուրքերը ճանապարհը փակել». Հացի գյուղի 7 հոգանոց ընտանիքում հացն ուտում են ըստ տարիքի

«Մամ, ինչի՞ են թուրքերը ճանապարհը փակել». Հացի գյուղի 7 հոգանոց ընտանիքում հացն ուտում են ըստ տարիքի

Արցախի Մարտունու շրջանի Հացի գյուղի Արմինեենց բազմանդամ ընտանիքում հացը ուտում են ըստ տարիքի։ Մեծ ընտանիքի 7 անդամներից 2-ը մանկահասակ են, 2-ը՝ տարեց, սկզբում հացն ուտում են փոքրերը, հետո՝ մեծերը։ Այլ տարբերակ չկա. ադրբեջանական շրջափակման մեջ հայտնված Հացի գյուղում ո՛չ ալյուր կա, ո՛չ դիզվառելիք, ո՛չ ցորեն, լույսն էլ մարդկանց հույսի պես՝ գալիս-գնում է։ 

«Մենք գյուղում խանութ ունենք, օրական 20-30 հատ ենք հաց ստանում։ Մեր տուն հազիվ օրական 1-2 հաց գա։ Էս վիճակով պայմանավորված ՝ամեն ինչին էլ հարմարվում ենք։ Ընտանիքում ես եմ, ամուսինս, նրա եղբայրն ու ծնողները եւ մեր 2 անչափահաս երեխաները՝ մեկը 2  տարեկան, մյուսը՝ 4,5։ Վատ է հիվանդների վիճակը, շատ է լինում, որ տրանսպորտի պատճառով չեն կարողանում գնալ ստուգումների։ Երթուղայինը շաբաթական 3 անգամ է գործում»,- MediaHub-ի հետ զրույցում ասաց նա։

Այս ընտանիքի մանկահասակ երեխաները, ինչպես Արմինեն է ասում՝ վաղուց մրգի երես չեն տեսել։ Մեծ որդին՝ 4,5 տարեկանը, գրքի նկարազարդումներ անելի,ս մոռանալով բանանի գույնը, մորը հարցրել է՝ «մամ, բանանն ի՞նչ գույն ունի»։

«Մեծ տղաս պատկերներ գունավորելիս հարցնում է՝ մամա, բանանը ի՞նչ գույնի է լինում, մոռացել եմ։ Մեծը պատկերացնում է, թե ինչ է կատարվում։ Շատ ժամանակ, երբ փոքր որդիս ինչ-որ բան է ուզում, մեծն ասում է՝ բալաս, չկա, թուրքերը ճամփեն փակել են»,-պատմում է Արմինեն։

4,5 տարեկան փոքրիկը մորը հաճախ է նույն հարցը տալիս՝ «մա, ինչի են թուրքերը շրջան կազմել, ճանապարհը փակել, չեն թողնում գնանք Հայաստան»։ Արմինեն, որ հեռվում նշմարվող հույսն արդեն կորցրել է, որդուն հուսադրող խոսքերով է սփոփում՝ «լավ կլինի, տղաս»։

«Հավատը կորցրած՝ մեկս մյուսիս հույս ենք տալիս»,-նշում է Արմինեն։

Ոչ մի կերպ չեն հարմարվում այն մտքին, որ Հայաստանի իշխանությունները Ացախը Ադրբեջանի տարածք են ճանաչում, Արմինեն դա անգրագիտություն է համարում, պատմություն չիմանալու հետեւանք։

«Մարդը պիտի անգրագետ լինի, որ հավատա դրան։ Ոնց կարող է դարերով պատմություն ունեցող Արցախը Ադրբեջանի կազմում լինի։ Հայաստանից էլ ի՞նչ հույս ունենանք, երբ նման հայտարարություն են անում։ Կարող է իշխանության ղեկավարը փոխվի, մի նորմալ մարդ գա, բան փոխի։ Այս պայմաններում էլ հույս չունենք, միայն վատն ենք սպասում այս իշխանություններից»,-հավելեց նա։

228 օր ադրբեջանական շրջափակման մեջ գտնվող Արցախի ժողովուրդը, Հակարի կամրջի վրա ադրբեջանական դրոշի տեղադրման միջադեպից հետո որևէ տեսակի հումանիտար բեռ, սնունդ չի ստացել։ 

Ադրբեջանական կողմը իր «տարածքային» ամբողջականության նկատմամբ «սադրանք» եւ «ոտնձգություն» է որակել պաշտոնական Երեւանի՝ Արցախ 400 տոննա բեռ ուղարկելու քայլը եւ արգելել այն Լաչինի միջանցքով արցախահայությանը հասցնելու փորձերը։ 

19 բեռնատարով «Սնունդ կյանքի համար» մարդասիրական օգնությունը, որ երեկ Երեւանից շարժվելց դեպի Արցախ, կանգ է առել Սյունիքի Կոռնիձոր գյուղում։ Պաշտոնական Բաքուն առաջարկում  է իր վերահոսկողության տակ հայտնված Ակնայով (Աղդամ) հումանիտար օգնություն տրամադրել Արցախին, ինչն արցախահայության համար անընդունելի է։

Լիա Սարգսյան