Ուրոլոգիական խնդիրներ, փորկապություն․ Ի՞նչն է օգտակար սալորի մեջ, ինչու՞ այն ներառել սննդակարգում

Ուրոլոգիական խնդիրներ, փորկապություն․ Ի՞նչն է օգտակար սալորի մեջ, ինչու՞ այն ներառել սննդակարգում

Սև սալորը հարուստ է վիտամիններով ու հանքանյութերով, ինչը նշանակում է, որ այն պետք է ներառված լինի սննդակարգում:

Woman.ru-ի հաղորդմամբ՝ սև սալորը հարուստ է այնպիսի միկրոէլեմենտներով, ինչպիսիք են.

կալիում

կալցիում

մագնիում

երկաթ

նատրիում

ֆոսֆոր

A, B. C, PP վիտամիններ

օրգանական թթուներ

սննդային մանրաթելեր:

Սալորը խորհուրդ է տրվում անեմիայի և ավիտամինոզի դեպքում:

Այն ամրացնում է իմունային համակարգն ու դիմադրողականությունը:

Քանի որ սև սալորը մեծ քանակով կալիում է պարունակում, օգնում է կարգավորել աղի ու ջրի մակարդակն օրգանիզմում, ինչը հատկապես կարևոր է երիկամների աշխատանքի համար:

Օգտակար է հիպերտոնիայով տառապող մարդկանց, քանի որ կարող է օգնել իջեցնել զարկերակային ճնշումը:

Սև սալորը հաճախ է խորհուրդ տրվում փորկապությամբ տառապող անձանց, քանի որ թույլ լուծողական ազդեցություն ունի:

Պաշտպանում է թրոմբներից ու աթերոսկլերոտիկ վահանիկներից

Սալորները նպաստում են անոթներից ավելորդ խոլեստերինի դուրսբերմանը, ինչը կանխում է աթերոսկլերոտիկ գոյացությունների առաջացումը: Բացի այդ, մեծ քանակությամբ վիտամինների շնորհիվ սալորը խթանում է էրիտրոցիտների սինթեզը, ուստի շատ օգտակար է սակավարյունության դեպքում: Իր յուրահատուկ բաղադրության շնորհիվ այս միրգը բարելավում է արյան շրջանառությունն ու կանխում է թրոմբների առաջացումը:

Օգտակար է ուրոլոգիական խնդիրների դեպքում

Մեծ քանակությամբ կալիումի շնորհիվ այս միրգն ակտիվացնում է երիկամներից ավելորդ աղերի ու հեղուկի դուրսբերումը, ուստի այն շատ օգտակար է երիկամների ու միզազատական համակարգի հիվանդությունների դեպքում:

Ամրապնդում է մկանները

Մկանային տոնուսի կորուստը ծերացմանը բնորոշ ախտանշաններից մեկն է, սակայն սալորն օգնում է ամրապնդել մկաններն ու խթանել դրանց աճը: Սա պայմանավորված է նրանով, որ դրանում պարունակվող կալիումը խթանում է նյարդային ազդակների փոխանցումը նյարդամկանային հանգույցներին, ինչն էլ խթանում է օրգանիզմում մկանային հյուսվածքների ակտիվությունը:

Քաղցր է, սակայն դիետիկ

Սալորը կարելի է օգտագործել ցանկացած քաղցրավենիքի փոխարեն: Այն նույնքան քաղցր է, սակայն միևնույն ժամանակ ունի բավական ցածր կալորիականություն և հարուստ է վիտամիններով ու մանրաթելերով: Մասնագետները խորհուրդ են տալիս սալոր ուտել այն մարդկանց, որոնք ունեն  ավելորդ քաշի ու նյութափոխանակության խանգարման խնդիր, ինչպես նաև նրանց, ովքեր ցանկանում են խուսափել քաշի ավելացումից: