Սիրիայի առաջնորդը Ասադի կողմնակիցներին կոչ է արել զենքերը վայր դնել, «քանի դեռ ուշ չէ»

Սիրիայի անցումային նախագահ Ահմեդ ալ-Շարաան կոչ է արել պաշտոնանկ արված պետության նախկին ղեկավար Բաշար ալ-Ասադի զինված աջակիցներին վայր դնել զենքերը, «քանի դեռ ուշ չէ», գրել են ԶԼՄ-ները։
Ալ-Շարաայի հայտարարությունը հնչել է այն բանից հետո, երբ Սիրիայի արևմուտքում տեղի ունեցած բախումների հետևանքով զոհվել է ավելի քան 200 մարդ:
Ավելի վաղ՝ մարտի 6-ին, ապստամբություններ էին սկսվել Լաթաքիա, Տարտուս և Հոմս նահանգներում։ Բախումներ են տեղի ունեցել նաեւ Լաթաքիայից հարավ Միջերկրական ծովի ափին Ջաբլա քաղաքում։ Ծովափնյա գոտում բնակվում է Սիրիայի ալեւի բնակչությունը, որին պատկանում է Ասադների ընտանիքը։
Ալեւիները կազմում են Սիրիայի բնակչության մոտ 10%-ը, որը Համաշխարհային բանկի գնահատմամբ՝ 23 միլիոնից մի փոքր ավելի է: Ասադի վարչակարգի տապալումից հետո «The Wall Street Journal»-ը գրել է, որ ալեւիները վախենում են իրենց ապագայի համար։