Ապագայի փողն ու դրա տնտեսական ազդեցությունը․ Երևանում մեկնարկել է երրորդ Doing Digital ֆորումը

Այսօր՝ ապրիլի 3-ին Երևանում մեկնարկեց թվային ֆինանսների և նորարարական տեխնոլոգիաների առանցքային միջոցառումը՝ Doing Digital Forum 2025-ը, որն անցկացվում է երրորդ տարին անընդմեջ։
Միջոցառման կազմակերպիչը SPRING PR ընկերությունն է: Ֆորումը, որը կրում է «Ապագայի փողը․ տնտեսական ազդեցությունը» խորագիրը, համախմբել է պետական կառույցների, գործարար համայնքի ներկայացուցիչներին, ոլորտի միջազգային ու տեղական առաջատար փորձն ու գիտելիքը կրող փորձագետներին ու կազմակերպություններին։ Ֆորումի գլխավոր խոսնակն այս տարի աշխարհահռչակ ֆուտուրիստ Գերդ Լեոնհարդն է, ով դասվում է աշխարհի թոփ 10 ֆուտուրիստ-բանախոսների շարքին, և նրա լսարանը գերազանցում է 3.5 միլիոնը։ Երևանում նա հանդես եկավ «7 կանխատեսում․ աշխարհը՝ մինչ 2030 թվականը» ելույթով՝ անդրադառնալով ապագայի փողին, բանկային ու ֆինանսական համակարգին։ Նա խոսեց ապագայի տեխնոլոգիաների, վճարումների, թվային տնտեսություններում մարդկանց փոխհարաբերությունների, ինչպես նաև ապագայի աշխատաշուկայի մասին։
Բացման ելույթում Doing Digital ֆորումի հիմնադիր, SPRING PR ընկերության համահիմնադիր Տաթևիկ Սիմոնյանը նշեց․ «Մենք ապրում ենք աննախադեպ տեխնոլոգիական փոփոխությունների դարաշրջանում․ ես կասեի՝ տեխնոլոգիական ցունամիի ժամանակներում։ Այս զարգացումներն ու ապագայի փողի շրջանառության նոր մոդելները վերափոխում են սոցիալական և տնտեսական իրականությունը, և վարքագծային կտրուկ փոփոխություններ պահանջում, որին առանց ռազմավարական հաղորդակցության հասնելն ուղղակի անհնար է։ Այս պայմաններում, առավել քան երբևէ, կարևորվում է գաղափարակիր առաջնորդների դերը, ովքեր խրախուսում են նորարարական մշակույթն ու իրենց թիմերին պատրաստում մեծ փոփոխություններին, որպեսզի նրանք ավելի համարձակ լինեն փորձարկելու, մարտահրավեր նետելու և կիրառելու նոր տեխնոլոգիաները»։
Գաղափարակիր ելույթների ու պանելային քննարկումների առանցքում թվային արժույթների, արհեստական բանականության (AI), թվային դրամապանակների, վճարային տեխնոլոգիաների զարգացման միտումներն են, դրանց ազդեցությունը ֆինանսաբանկային համակարգի և գլոբալ տնտեսության վրա։ Անդրադարձ կկատարվի փողի պատմությանը՝ բարտերից մինչև կրիպտո, թվային արժույթների կարգավորման դաշտի առանձնահատկություններին, առկա կիբերանվտանգության խնդիրներին ու դրանց հաղթահարման մեխանիզմներին։
Ֆորումն այս տարի համախմբել է շուրջ 20 խոսնակի Հայաստանից և արտերկրից։ Նրանց թվում են՝ ՀՀ Կենտրոնական բանկի նախագահ Մարտին Գալստյանը, Կենտրոնական բանկի նախագահի տեղակալ Արմեն Նուրբեկյանը, Nine Blocks Capital Management ընկերության համահիմնադիր, կրիպտո առաջնորդ Հենրի Արսլանյանը, Ամազոնի վեբ ծառայությունների կորպորատիվ տեխնոլոգ, տեխնոլոգիական ոլորտում 20 տարվա փորձառություն ունեցող առաջատար փորձագետ Մատիաս Ունդուրագա Բրեյթլինգը, Edgar, Dunn & Company-ի գործադիր տնօրեն Սամի Զաֆարը, Visa-ի CEMEA տարածաշրջանի թվային տեխնոլոգիաների և ռազմավարության ղեկավար Էնդրյու Թրուոնգը և այլք։