Պրիգոժինը սպանվել է. WSJ-ը հայտնել է կազմակերպչի անունը

«Վագներ»-ի պարագլուխ Եվգենի Պրիգոժինը սպանվել է, նրա սպանությունը կազմակերպել է ՌԴ անվտանգության դաշնային ծառայության տնօրեն և Ռուսաստանի անվտանգության խորհրդի ղեկավար Նիկոլայ Պատրուշևը․ այդ մասին հայտնում է The Wall Street Journal-ը:
Հրապարակման մեջ մասնավորապես նշվում է, որ Պատրուշևը Պուտինին զգուշացրել է, որ Ուկրաինայի հետ պատերազմում Պրիգոժինի և նրա վարձկանների վրա խաղադրույքը վերջինիս ավելի մեծ ազդեցության լծակներ է տալիս և սպառնալիք ստեղծում Կրեմլի համար: The Wall Street Journal-ի տվյալներով՝ Պատրուշևը Պրիգոժինի վտանգի մասին սկսել էր նախազգուշացնել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին դեռևս 2022թ․ ամռանը, սակայն վերջինս ականջալուր չի եղել նրա խոսքերին, քանի որ վագների մարտիկները հաջողություններ էին գրանցում մարտի դաշտում։
2023թ․ հունիսին, երբ Պրիգոժինը սկսեց ապստամբությունը, Պատրուշևը ստանձնում է պրոցեսի վերահսկողությունը։ Ըստ WSJ-ի աղբյուրների՝ Պատրուշևը զանգահարել է Պրիգոժինին համակրող սպաներին և խնդրել նրանց համոզել Պրիգոժինին՝ դադարեցնել ապստամբությունը:
Օգոստոսի 23-ին, երբ Պրիգոժինը սպասում էր «Շերեմետևո» օդանավակայանում, մինչև կստուգվեր նրա ինքնաթիռը, այդ ընթացքում նրա թևի տակ փոքրիկ ռումբ են դրել․ պնդում են WSJ-ի զրուցակիցները արևմտյան հատուկ ծառայություններում։ Թռիչքից կես ժամ անց, մոտ 8500 մետր բարձրության վրա, ռումբը պայթել է. նքնաթիռում գտնվող բոլոր տասը մարդիկ զոհվել են։
Սակայն նշենք, որ Կրեմլը հերքում է իր ներգրավվածությունը Պրիգոժինի մահվան գործում:
Հիշեցնենք, որ օգոստոսի 23-ին երեկոյան հայտնի դարձավ, որ Տվերի մարզում կործանվել է Եվգենի Պրիգոժինին պատկանող բիզնես ջեթը, 10 հոգի մահացել է, այդ թվում ինքը։
Տեսանյութը՝ այստեղ