Մինչ այսօր չեն հարկվել, հիմա ընդամենը քննարկվում է այդ հարցը․ մարզպետը՝ խոպանչիների մասին

Մինչ այսօր չեն հարկվել, հիմա ընդամենը քննարկվում է այդ հարցը․ մարզպետը՝ խոպանչիների մասին

Գեղարքունիքի մարզի Մարտունի համայնքի բնակիչներըբողոքի ակցիա են իրականացնում՝ փակել են Մարտունի-Սևան ավտոճանապարհը։ Պատճառն այն է, որ նրանք դեմ են հարկման մեխանիզմի կիրառմանը, ըստ որի՝ եթե արտագնա աշխատանքի մեկնածները 183 օրից ավելի են մնում ՌԴ-ում, ապա ՀՀ-ում պարտավոր են եկամտային 8 տոկոս տարբերությունը վճարել։

ՀՀ պետական եկամուտների կոմիտեն հստակեցրել է՝ օտարերկրյա պետություններում ՀՀ ռեզիդենտ ֆիզիկական անձանց ստացած եկամտից հարկվող վճարի վերաբերյալ կարգավորումները նոր չեն, ՀՀ-ում և օտարերկրյա պետություններում հարկվող` ՀՀ ռեզիդենտ ֆիզիկական անձինք պարտավոր են հաշվարկել և եկամտային հարկ վճարել սահմանված դրույքաչափերով:

Այնուամենայնիվ, մինչ այս պահը որևէ խոպանչի չի հարկվել։ 

«Մինչ այս պահը որևէ մեկը չի հարկվել, ես անցած ամիս էլ եմ հանդիպել արտագնա աշխատանքի մեկնող քաղաքացիների, նրանց ներկայացրել եմ, որ, դե, ԵԱՏՄ օրենքի համաձայն է արվում, ու 2016-ից կա այդ որոշումը, ու մինչ այս պահը չի գործել։ Հիմա էլ քննարկվում է այդ հարցը, ընդամենը»,- MediaHub-ի հետ զրույցում ասաց Գեղարքունիքի մարզպետ Կարեն Սարգսյանը։

Նրա խոսքով՝ ինքն այսօր մարզում է լինելու, թեև արձակուրդում է, և եթե անհրաժեշտություն լինի, կհանդիպի քաղաքացիների հետ։

Նշենք, որ այս պահին բողոքի ակցիան շարունակվում է, մարդիկ հայտնում են իրենց դժգոհությունը, որ աշխատում են մի երկրում, օրենքով վճարում իրենց հարկերը, բայց ՀՀ վերադառնալիս, պարզվում է, այստեղ էլ պետք է հարկ վճարեն։ «Որտե՞ղ  է արդարությունը»,- հարցադրում են անում նրանք:

Նարե Գնունի