Եգիպտական Սակկարայում հարուստ կահավորմամբ հնագույն դամբարաններ են հայտնաբերվել

Եգիպտական Սակկարայում հարուստ կահավորմամբ հնագույն դամբարաններ են հայտնաբերվել

Եգիպտոսը շաբաթ օրը ցուցադրել է մայրաքաղաք Կահիրեի մերձակայքում գտնվող փարավոնների գերեզմանոցում վերջերս հայտնաբերված հնագույն դամբարանները, որոնք հարուստ կահավորանք ունեն, հայտնում է AP-ն։

Զբոսաշրջության եւ հնությունների նախարարության տվյալներով՝ մարտի սկզբին հայտնաբերված հինգ դամբարանները պատկանում են Հին թագավորությանը (մ.թ.ա. 1570-1069թթ․) եւ Առաջին միջանկյալ ժամանակաշրջանին, որը Հին թագավորության անկումից հետո ավելի քան մեկ դար է տեւել:

Հնությունների բարձրագույն խորհրդի գլխավոր քարտուղար Մոստաֆա Վազիրին ասել է, որ եգիպտացի հնագետները պեղումները սեպտեմբերին են սկսել: Նրա խոսքով՝ դամբարանները նախատեսված են եղել բարձրաստիճան պաշտոնյաների, այդ թվում՝ Հին Եգիպտոսի շրջանային տիրակալների ու պալատի վերակացուների համար։

Դամբարանները հայտնաբերվել են Ջոսերի աստիճանավոր բուրգի կողքին՝ Կահիրեից 24 կիլոմետր հարավ-արեւմուտք գտնվող Սակկարայի գերեզմանոցում:

Նախարարության սոցցանցերի էջերում տեղադրված կադրերում երեւում են դամբարաններ տանող ուղիները: Պատերը զարդարված են հիերոգլիֆային արձանագրություններով եւ սրբազան կենդանիների պատկերներով եւ հետմահու կյանքի առարկաներով, որոնք օգտագործում էին հին եգիպտացիները։

Սակկարան Եգիպտոսի հնագույն մայրաքաղաք Մեմֆիսում գտնվող հսկայական նեկրոպոլիսի մի մասն է, որը ներառում է Գիզայի հայտնի բուրգերը, ինչպես նաեւ Աբու Սիրեի, Դահշուրի եւ Աբու Ռուվեյշի ավելի փոքր բուրգերը: 1970-ականներին Մեմֆիսի ավերակները ներառվել են ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգության ցուցակում։

Վերջին տարիներին Եգիպտոսն ակտիվորեն նոր հնագիտական գտածոները գովազդում է միջազգային լրատվամիջոցներին եւ դիվանագետներին՝ ավելի շատ զբոսաշրջիկների երկիր գրավելու հույսով: