Թրամփի հիմնարար նպատակն է երաշխավորել, որ Իրանը երբեք միջուկային զենք ձեռք չբերի․ Սպիտակ տուն

ԱՄՆ-ն և Իրանը ապրիլի 12-ին Օմանում ուղիղ բանակցություններ կանցկացնեն՝ նպատակ ունենալով թույլ չտալ Թեհրանին միջուկային զենք ձեռք բերել։ Այս մասին ճեպազրույցի ժամանակ հայտարարել է Սպիտակ տան մամուլի քարտուղար Քերոլայն Լեւիթը։
«Իրանցիների հետ բանակցությունները լինելու են ուղղակի, ես կցանկանայի դա շատ պարզ ասել»,- ասել է նա։
Սպիտակ տան խոսնակի խոսքով՝ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հիմնարար նպատակն է երաշխավորել, որ Իրանը երբեք միջուկային զենք ձեռք չբերի։
«Նախագահը հավատում է դիվանագիտությանը և այդ նպատակին հասնելու համար նույն վայրում ուղիղ բանակցություններին»,- ընդգծել է նա։
«Բայց նա իրանցիներին և իր ազգային անվտանգության թիմին հասկացրել է, որ բոլոր տարբերակները սեղանին են: Իրանը պետք է ընտրություն կատարի», - շարունակել է Լեւիթը:
Նրա խոսքով, Թրամփի պահանջների հետ Թեհրանի անհամաձայնությունը հղի է լուրջ հետեւանքներով։