Նախատեսվում է մինչև 2025 թվականը բնակարանով ապահովել բոլոր կարիքավոր ընտանիքներին․ Հարությունյան

Հարյուրավոր տեղահանված, զոհվածների և այլ շահառու ընտանիքների բնակարանային կարիքներն արդեն բավարարվել են, լայն թափով շարունակվում է բնակարանաշինությունը: Այդ մասին այսօր հայտարարեց Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը։

Նա նշեց, որ նախատեսվում է մինչև 2025 թվականը բնակարանով ապահովել բոլոր կարիքավոր ընտանիքներին:

«Մինչև 2025 թվականը բոլոր բնակավայրերում ապահովելու ենք շուրջօրյա ջրամատակարարում և ճանապարհների ասֆալտապատում: Իրականացրել և շարունակում ենք պատերազմից տուժած բազմաթիվ անձանց նյութական վնասների դիմաց աջակցության տրամադրման աշխատանքները, տասնյակ հազարավոր անձինք արդեն օգտվել են վարկային պարտավորությունների դիմաց ցուցաբերվող ֆինանսական աջակցությունից, մեծածավալ սոցիալական աջակցություն է ցուցաբերվել և կցուցաբերվի շուրջ 40,000 տեղահանված անձանց»,- ներկայացրեց Հարությունյանը։

Ինչ վերաբերում է պետական բյուջեին, ապա Արցախի նախագահը նշեց, որ ընթացիկ տարվա բյուջեի ծախսային մասը նախատեսում են շուրջ 221 միլիարդ դրամ, որից միայն սոցիալական բնույթի ծախսերը 119 միլիարդ դրամ են, որը 5 միլիարդով ավելին է 2019 թվականի պետբյուջեի ամբողջ ծախսային մասից:

«Այս առումով հատկանշական է ՀՀ կառավարության կողմից հետպատերազմյան ժամանակահատվածում ցուցաբերված աննախադեպ աջակցությունը, որը միայն ընթացիկ տարում կազմում է 164 միլիարդ դրամ: Կուզեի առանձնահատուկ նշել նաև ողջ հայության կողմից տրվող շարունակական աջակցությունն Արցախին, որի գլխավոր խողովակը «Հայաստան» համահայկական հիմնադրամն է՝ իր մեծածավալ ծրագրերով»,- ասաց Հարությունյանը։

Միևնույն ժամանակ, Արայիկ Հարությունյանը նշեց, որ 2022 թվականի բյուջեի սեփական եկամուտները կկազմեն շուրջ 45 միլիարդ դրամ, որը զգալիորեն կգերազանցի 2017 թվականի ցուցանիշը և մոտ է 2018 թվականի ցուցանիշին, ինչն արտացոլում է տնտեսական ակտիվության դրական միտումները: