«Դիզվառելիքի խնդիր կա, գյուղատնտեսական աշխատանքները դադարեցված են»․ ի՞նչ վիճակ է Հացի գյուղում

«Դիզվառելիքի խնդիր կա, գյուղատնտեսական աշխատանքները դադարեցված են»․ ի՞նչ վիճակ է Հացի գյուղում

Արդեն 11 օր է՝ հայկական երկրորդ պետությունը՝ Արցախը շրջափակման մեջ է։ Հայաստանն Արցախին կապող միակ ճանապարհը փակ է արդբեջանցիների կողմից։ 

Արդյունքում՝ Արցախի գյուղերն ու քաղաքները ճգնաժամի մեջ են հայտնվել։

MediaHub.am-ի հետ զրույցում Արցախի Մարտունու շրջանի Հացի համայնքի գյուղապետ Սանթուր Սարգսյանը պատմեց, որ իրենց և հարակից գյուղերում պարենի խնդիր չկա, սակայն հիմնական խնդիրը դիզվառելիքն է։

«Սննդի և պարենի խնդիր շուտով կունենանք, բայց այս պահին դիզվառելիքի խնդիր ունենք, գյուղատնտեսական աշխատանքները դադարեցված են, չենք կարողանում շարունակել, քանի որ դիզվառելիք չկա»,-ասաց նա։

Սանթուր Սարգսյանի խոսքով՝ ընդհանուր խուճապ չկա, սակայն խանութներում որոշ ապրանքներ արդեն վերջանում են։ «Ամենավատն այն է, որ դեֆիցիտ է առաջանում նաև դեղատներում, հիվանդներին բուժելու խնդիր կա։ Բազմաթիվ հայրենակիցներ ունենք, որ կտրվել են իրենց ընտանիքներից։ Մեր կապը հարակից գյուղերի հետ նորմալ է, բայց ոչինչ իրար փոխանցել չենք կարող, բոլորիս մոտ նույն խնդիրն է։ Բանկոմատներում էլ գումար չկա, թոշակ չենք ստացել, կոմունալները ոչ բոլորն էլ վճարել, բայց անջատումների մասին խոսք չկա»,- փոխանցեց նա։

Հիշեցնենք, որ Արցախի պետնախարար Ռուբեն Վարդանյանն այսօր հանդիպել է արցախցի այն ծնողների հետ, որոնց երեխաներն Ադրբեջանի կողմից Արցախի շրջափակման հետևանքով  ստիպված են մնալ Հայաստանում: Պետնախարարը, մասնավորապես, ասել է, որ  պետք է պատրաստ լինել նրան, որ այս իրավիճակը կարող է նաև երկարաժամկետ լինել:

Լիաննա Թորոսյան