Յուրաքանչյուր պաշտոնյա ունի դիմակ, որը ընտրական գործընթացի իր մշտական ուղեկիցն է

Յուրաքանչյուր պաշտոնյա ունի դիմակ, որը ընտրական գործընթացի իր մշտական ուղեկիցն է

Փետրվարի 25-ին, աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանն աշխատանքային այցով գտնվում էր Շիրակի մարզում։ Այցի շրջանակում նախարարը մի շարք մարզային պաշտոնյաների ուղեկցությամբ, որոնց թվում էր նաև Գյումրու քաղաքապետի ժամանակավոր պաշտոնակատար Սարիկ Մինասյանը, այցելել է Գյումրու խնամքի հաստատություններ՝ հայկական կարմիր խաչի շուրջօրյա խնամքի կենտրոն, ապա՝ Գյումրու երեխաների տուն։

Առաջին հայացքից ամեն ինչ նորմալ է․ նախարարը կատարում է իր աշխատանքային պարտականությունները։

Սակայն Հայաստանում կան սոցիալական շերտեր, հիմնականում՝ խոցելի խմբեր, որոնց գոյության մասին բարձրաստիճան պաշտոնյաները հիշում են միայն ընտրությունների շեմին՝ համապետական, թե տեղական ինքնակառավարման։ Գրեթե յուրաքանչյուր պաշտոնյա իր պահարանում ունի սրտացավ ու հոգատար մի դիմակ, որը դառնում է ընտրական ժամանակահատվածի իր մշտական ուղեկիցը, ինչպես նաև Հրաչյա Աճառյանի բառարանից դուրս բերված արցունք քամող բառեր, որոնք տվյալ պաշտոնյայի բառապաշարում ստանում են խիստ ժամանակավոր կարգավիճակ, մնացած բոլոր դեպքերում թե՛ դիմակը, թե՛ բառապաշարը մատնված են անգործության։

Սակայն, անցնենք բուն թեմային։ Գյումրու խնամքի կենտրոնները գործում են արդեն տևական ժամանակ, սակայն զարմանալի «զուգադիպությամբ» նախարարը ցանկացավ այցելել կենտրոններ, այն էլ Գյումրու քաղաքապետի պաշտոնակատար ու իշխող ուժի կողմից առաջադրված քաղաքապետի թեկնածու Սարիկ Մինասյանի ուղեկցությամբ ճիշտ այն ժամանակ, երբ տառացիորեն օրեր հետո սկսվելու է Գյումրու ավագանու ընտրությունների քարոզարշավը։

Ընտրությունների ժամանակ աշխատանքային պարտականությունների կիրառման քողի տակ վարչական ռեսուրսների կիրառումն ամենապրիմիտիվ հնարքներից մեկն է, որի համար մեծ խելք ունենալ պետք չէ։ Որևէ ոլորտի պատասխանատու, «աշխատանքային պարտականություններ»-ի քողի տակ, հետևից գցած քարշ է տալիս թեկնածուին, և դեռևս քարոզարշավը չսկսած իշխանական թեկնածուն փիառվում է, պաշտոնյան էլ «կատարում» է իր պարտականությունը։ Իրավաչափ գործողություն է նման արարքը, թե ոչ, դրա գնահատականը կարող են տալ իրավաբանները, սակայն, բարոյական չէ միանշանակ։ Բարոյական չէ, երբ մի կողմից դողդողացող ձայնով խոսում ես օրենքի գերակայության, հավասարության ու ժողովրդավարության բաստիոնից, մյուս կողմից անում ես այնպիսի պարզունակ կեղծիք, որը նույնիսկ ամեոբան կարող էր մտածել։

Եթե դրան էլ գումարենք նախօրեին Նիկոլ Փաշինյանի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանի՝ «ծանր ծով տղա» ձոնն ուղղված Գյումրու քաղաքապետի իշխանական թեկնածու Սարիկ Մինասյանին, ապա՝ հանգիստ կարելի է փաստել, որ իշխանությունները, խախտելով ընտրական օրենսգիրքը, Գյումրիում արդեն սկսել են քարոզարշավն ու ստեղծել մրցակցային անհավասար պայմաններ։

Վայ այն թեկնածուին, որը փորձում է խախտումների գնով հասնել պաշտոնի, հատկապես, երբ նրան օգնում են այդ խախտումները կատարել, որովհետև, եթե նույնիսկ տվյալ թեկնածուն հաղթի էլ, ապա՝ նրան ընդամենը կարելի է խղճալ, քանի որ հաջորդ իսկ օրվանից նա սկսելու է փոխհատուցել ու տարբեր ծառայություններ մատուցել իր «հովանավորյալներին»։

Կարեն Կարապետյան