Զախարովայի խոսքի ենթատեքստը

Զախարովայի խոսքի ենթատեքստը

Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարարության մամլո վարչության ղեկավար Մարիա Զախարովան ասել է, թե «իրականությանը չեն համապատասխանում պնդումներն այն մասին, որ Լեռնային Ղարաբաղում խաղաղապահների գործողությունները հակասում են Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությանը»:

Արտգործնախարարության պաշտոնական ներկայացուցիչն այդ մեկնաբանությամբ անդրադարձել է Լեռնային Ղարաբաղ մի խումբ հայ պատգամավորների մուտքն արգելելու հանգամանքին, ասելով, թե «նշված այցը նախապես համաձայնեցված չէր ռուսաստանյան խաղաղապահ առաքելության հրամանատարության հետ»:
Ռուսաստանի ԱԳ խոսնակի հայտարարությունը պարզաբանման կարիք ունի։
Նախ, Հայաստանի ԱԳՆ-ն՝ հղում անելով Մոսկվային, ռուսաստանցի խաղաղապահների վարքագծի այլ մոտիվացիա էր նշել՝ ասելով, թե վերջիններս պատգամավորների մուտքն Արցախ արգելել են՝ սադրանքներից խուսափելու համար։

Հիմա Զախարովան միանգամայն այլ մոտիվացիա է նշում՝ թեև նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությամբ հստակ ամրագրված է Լաչինի միջանցքով Հայաստանի և Արցախի միջև անխափան կապի ապահովումը, իսկ ապահովողները հենց ռուս խաղաղապահներն են։Համաձայնեք, որ բարդ ու խճճված վիճակ է ստեղծվում։
Պաշտոնական Երևանը մի բան է ասում, Մոսկվան այլ պնդումներ է անում։

Սակայն՝ մենք հարկատուներս, հարցեր պետք է ուղղենք ոչ թե Մոսկվային կամ Բաքվին, այլ հենց Հայաստանի իշխանությանը, որը 2020թ-ի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության երեք կողմերից մեկն է։
Ինչո՞ւ են էապես տարբերվում Երևանի ու Մոսկվայի պարզաբանումները, թե՞ Հայաստանի իշխանությունն է Մոսկվային «հրամցրել» սադրանքի վարկածը ու Ռուսաստանի ԱԳՆ-ն դիվանագիտորեն հասկացնում է, որ հարցերի հասցեատերը Հայաստանի իշխանությունն է։ Եթե նույնիսկ ընդունենք այն վարկածը, որ Ռուսաստանի խաղաղապահներն են եղել Արցախ Հայաստանի պատգամավորների մուտքի արգելքի նախաձեռնողը, ապա դարձյալ հարց պետք է ուղղենք Հայաստանի կառավարությանը, թե ինչո՞ւ հետամուտ չի լինում Նոյեմբերի 9-ի փաստաթղթի դրույթների անխափան իրականացմանը։

Վահրամ Բագրատյան