Վահան Շիրխանյանը համաներմամբ ազատ արձակվեց․ Արթուր Վարդանյանը դատապարտվեց 13 տարվա ազատազրկման

Վահան Շիրխանյանը համաներմամբ ազատ արձակվեց․ Արթուր Վարդանյանը դատապարտվեց 13 տարվա ազատազրկման

Երևանի ընդհանուր իրավասության դատարանը՝ դատավոր Մեսրոպ Մակյանի նախագահությամբ, այսօր հրապարակեց «Նորքի զինված խմբի» գործով դատավճիռը, որի համաձայն Արթուր Վարդանյանին դատապարտեց 13 տարի ժամկետով, Անտոն Թոթոնջյանին՝ 9 տարի ժամկետով, սակայն կիրառեց փորձաշրջան, իսկ Վահան Շիրխանյանը համաներմամբ ազատ արձակվեց։

Հիշեցնենք, որ «Նորքի զինված խմբի» գործով 20 անձ էր անցնում։ Արթուր Վարդանյանը, որն, ըստ մեղադրանքի, համարվում է զինված խմբի պարագլուխը, մեղավոր ճանաչվեց առաջադրված մեղադրանքում, դատապարտվելով ազատազրկման՝ 13 տարի ժամկետով: Հաշվակցելով նախաքննության և դատաքննության ընթացքում կալանքի տակ գտնվելու ժամկետը, վերջնական պատիժ սահմանվեց 9 տարին։ 

Իսկ ՀՀ ՊՆ նախկին նախարար Վահան Շիրխանյանին  ՀՀ քրեական օրենսգրքի 223-րդ հոդվածի 2-րդ մասով և 235-րդ հոդվածի 3-րդ մասով առաջադրված մեղադրանքներում դատարանն արդարացրեց՝ ճանաչելով և հռչակելով նրա անմեղությունը՝ հանցակազմի բացակայության հիմքով, իսկ մյուս մեղադրանքներով մեղավոր ճանաչեց՝ որպես վերջնական պատիժ սահմանելով ազատազրկումը 3 տարի 5 ամիս ժամկետով։ 

Դատարանը Վահան Շիրխանյանին համաներմամբ ազատեց պատժի կրումից։ 

Ընդգծենք, որ ըստ գործի նյութերի՝ Արթուր Վարդանյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա 2015թ. ապրիլից գտնվելով Հայաստանի Հանրապետության տարածքում, ստեղծել ու ղեկավարել է ՀՀ քաղաքացիներից կազմված հանցավոր համագործակցություն, կազմակերպված խմբի կազմում ապօրինի կերպով ձեռք է բերել, պահել, փոխադրել և կրել մեծ քանակությամբ զենք, ռազմամթերք, պայթուցիկ նյութեր, պայթուցիկ սարքեր նպատակ ունենալով Հայաստանի Հանրապետությունում իշխանությունը յուրացնել, այսինքն զավթել` բռնություն գործադրելու կամ բռնություն գործադրելու սպառնալիքով, ինչը ավարտին չի հասցվել նրա կամքից անկախ հանգամանքներում, քանի որ հանցավոր համագործակցության մեջ ներգրավված անձինք բացահայտվել ու 2015թ. նոյեմբերի 25-ին վնասազերծվել են Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ծառայության աշխատակիցների կողմից: 

Լիաննա Թորոսյան