Նոր վարույթ՝ Ռուբեն Վարդազարյանի դեմ ԲԴԽ 3 անդամների «ձեռքով»

Բարձրագույն դատական խորհրդի նախագահ (լիազորությունները ժամանակավորապես կասեցված-խմբ) Ռուբեն Վարդազարյանի դեմ կարգապահական վարույթ են հարուցել։ Մեր տեղեկություններով՝ այս անգամ վարույթ են հարուցել ԲԴԽ 3 գիտնական անդամների միջնորդությամբ, նրանք են՝ Լիպարիտ Մելիքջանյան, Դավիթ Խաչատուրյան, Գրիգոր Բեքմեզյան։ Վարույթի պատճառը մայիսի 10-ին ArmDaily.am կայքին Վարդազարյանի տված հարցազրույցն է՝ Գագիկ Ջհանգիրյանի՝ տարիքային սահմանափակմամբ պայմանավորված պաշտոնավարման սահմանադրականության հարցի հետ կապված։ Վարդազարյանը Սահմանադրական դատարանի կայացրած որոշման վերաբերյալ հետեւյալ կարծիքն է հայտնել․ «Ակնհայտ է, որ որոշումը որեւէ աղերս չունի իրավաբանության հետ, սակայն նորից եմ կրկնում՝ կեցցե Սահմանադրական դատարանը»։
ԲԴԽ անդամները, ըստ ամենայնի, համարում են, որ իր այդ հայտարարությամբ Վարդազարյանը խախտել է դատավորի վարքագծի այն կանոնը, ըստ որի՝ պետք է զերծ մնալ դատարանի գործողությունները, դատական ակտերը հրապարակայնորեն կասկածի տակ առնելուց, բացառությամբ օրենքով նախատեսված կամ գիտական ազատության շրջանակում իրականացվող մասնագիտական գործունեության դեպքերի (Դատական օրենսգիրք, հոդված 66)։
Ռուբեն Վարդազարյանը մեզ հետ զրույցում ասաց, որ ծանուցում չի ստացել, բամբասանքների մակարդակով է լսել վարույթի մասին։
Նշենք, որ դատավորին կարգապահական պատասխանատվության ենթարկելու հարցը քննելու արդյունքում Բարձրագույն դատական խորհուրդը կարող է դատավորի նկատմամբ կիրառել կարգապահական տույժերի հետևյալ տեսակներից մեկը.
1) նախազգուշացում.
2) նկատողություն.
3) խիստ նկատողություն.
4) էական կարգապահական խախտման հիմքով լիազորությունների դադարեցում: Պատասխանտվության ենթարկելու համար անհրաժեշտ է ԲԴԽ 5 անդամների ձայները։