Արցախի պատգամավորները նիստ են գումարե՞լ 

Արցախի պատգամավորները նիստ են գումարե՞լ 

Ռուս լրագրող Սերգեյ Կարնաուխովը Տելեգրամի իր ալիքում տեղեկություն էր տարածել, թե Արցախի խորհրդարանը երեկ Երեւանում փակ գաղտնի նիստ է անցկացրել։ Նիստի մասին պաշտոնական որևէ տեղեկություն չկա։ 

Ըստ լրագրողի՝ նիստին բոլոր պատգամավորները ներկա են եղել, նույնիսկ երկու նոր պատգամավոր է երդվել։ Աղբյուրի փոխանցմամբ՝ հանդիպման ընթացքում աշխատանքային խումբ է ձևավորվել, որի նպատակն է միջազգային հարթակներում այնպես անել, որ Արցախից բռնի տեղահանվածներն իրենց տներ վերադառնան։ 

Տեղեկությունը, սակայն, MediaHub-ին արցախցի պատգամավորները չհաստատեցին, մի քանիսը հստակ նշեց՝ մեկնաբանելու ոչինչ չունեն։ Թերևս, սա նորմալ արձագանք է, հաշվի առնելով այն հանգամանքը, որ ՀՀ իշխանությունները, մասնավորապես Ալեն Սիմոնյանը, ավելի վաղ հայտարարել էին, որ Արցախի ինստիտուտների գործունեությունը սպառնալիք է Հայաստանի համար:

Արցախի խորհրդարանի անկախ պատգամավոր Կարեն Հովհաննիսյանը  MediaHub-ի հետ զրույցում  ասաց. «Չեմ մեկնաբանում, բայց կարող եմ փոխանցել, որ մենք պարբերաբար հանդիպում ենք, խոսում ենք, զրուցում ենք, փորձում ենք լուծումներ գտնել այս վիճակին։ Փորձում ենք գտնել բոլոր այն հնարավոր ճանապարհները, որով հնարավոր է Արցախի ու արցախահայության իրավունքները պաշտպանել ու էթնիկ զտման ողբերգությանը միջազգային ատյաններում բարձրաձայնել, լուծումներ տալ»։

Մյուս պատգամավորներից մեկնաբանություն ստանալ չհաջողվեց:

Լիաննա Թորոսյան