Քաղաքապետի ԺՊ կա, բայց գործակարգավարական չի լինի

Քաղաքապետի ԺՊ կա, բայց գործակարգավարական չի լինի

Երևանի քաղաքապետարանում այսօր գործակարգավարական նիստ չի լինելու։ Այս մասին հայտնում են MediaHub-ի աղբյուրները։

Պատճառը Հրաչյա Սարգսյանի հրաժարականից հետո առաջացած անհասկանալի վիճակն է, քանի որ, որքան էլ անակնկալ չէր Սարգսյանի հրաժարականը, բայց և այնպես, բոլորը չէ, որ պատրաստ էին դեպքերի այսպիսի զարգացմանը։

Ի դեպ, համաձայն օրենքի՝ համայնքի ղեկավարը հրաժարականի մասին իր դիմումը եռօրյա ժամկետում կարող է հետ վերցնել: Համայնքի ղեկավարի կողմից հրաժարականի մասին իր դիմումը եռօրյա ժամկետում հետ չվերցնելու դեպքում աշխատակազմի քարտուղարի կողմից համայնքի ղեկավարի հրաժարականի մասին պատշաճ ձևով ծանուցվելուց հետո համայնքի ավագանին եռօրյա ժամկետում կազմում է համայնքի ղեկավարի լիազորությունների վաղաժամկետ դադարեցման մասին արձանագրություն: 

MediaHub-ի տեղեկություններով՝ մինչև Երևանի ավագանու նոր ընտրությունները Երևանի քաղաքապետի պարտականությունները կկատարի առաջին տեղակալ Լևոն Հովհաննիսյանը: Այժմ նրան ժամանակ է պետք, որպեսզի ծանոթանա աշխատանքների ամբողջական փաթեթին։

Նարե Գնունի