«Долой фейк новости»․ ի՞նչ է իրականում տեղի ունենում Ռուսաստանի տարածքում․ հայացք ներսից

«Долой фейк новости»․ ի՞նչ է իրականում տեղի ունենում Ռուսաստանի տարածքում․ հայացք ներսից

Մեկ շաբաթից ավելի է, ինչ Ռուսաստանի Դաշնության Կուրսկի, Լիպեցկի շրջաններում ակտիվ մարտերը շարունակվում են:

Մենք բազմիցս գրել ենք այն մասին, որ աշխարհի հետաքրքրությունը այս տարածաշրջանի վրա սևեռված է հատկապես այն պատճառով, որ պատերազմական գործողությունների անցած 2.5 տարիների  ընթացքում առաջին անգամ Ուկրաինայի ԶՈՒ-ին հաջողվեց գործողություններ իրականացնել հենց ՌԴ տարածքում։ 

Ուկրաինական կողմն ակտիվ տեղեկություններ են տարածում, որ իր ԶՈՒ–ն բավականին առաջ է շարժվել ՌԴ–ի տարածքում, իսկ ՌԴ–ն, իր հերթին, նշում է, որ ազատագրել է տարբեր բնակավայրեր։

Մասնավորապես, երեկ թե՛ ուկրաինական, թե՛ հայկական մեդիայում ակտիվ տեղեկություններ էին շրջանառվում, որ Ուկրաինայի զինված ուժերը մտել են Բելգորոդի շրջան՝ Վյազովո գյուղ, որը գտնվում է Կոլոտիլովկա անցակետից 3 կիլոմետր հեռավորության վրա։

MediaHub-ը կապ հաստատեց Բելգորոդի շրջանի բնակչի հետ, որը նշեց՝ այդ ամենը «ապատեղեկատվություն է, ֆեյք լուրեր, долой фейк новости»։

«Երեկ մի քանի անգամ հայտարարվել է հրթիռային վտանգ, սակայն, դա արվել էր զուտ այն պատճառով, որ նույն ժամանակ հայտարարվել էր Կուրսկի շրջանում։ Դա արվում է, որ մարդիկ տեղեկացված լինեն, սակայն մեր մոտ՝ Բելգորոդում ու Բելգորոդի շրջանում, շատ հանգիստ է»,– նշեց MediaHub-ի հետ զրույցում Բելգորոդի բնակիչը։

Նաև նշում էին, թե ուկրաինացիները արդեն մտել են Բելգորոդի շրջան, ինչին մեր զրուցակիցը պատասխանեց․ «Այո՛, Ուկրաինայի բնակիչներ կան Բելգորոդում, նրանք եկել էին դեռ 2022թ․, քանի որ տեղափոխվել էին ՌԴ տարածք»։

Իսկ Կուրսկի բնակիչներից մեկն էլ MediaHub-ի հետ զրույցում նշեց, որ Կուրսկի շրջանում մարտեր են շարունակվում, սակայն, բացի Սուջա քաղաքից, ուրիշ այլ քաղաքում մարտեր չկան, մնացածը փոքր բնակավայր են, որ անցել էին ուկրաինական ԶՈՒ–ի վերահսկողության տակ։

«Նշում էին, որ 28 բնակավայր է անցել ուկրաինական ԶՈՒ–ի վերահսկողության տակ, սակայն, այս երկու օրվա ընթացքում թիվը չի ավելացել: Անգամ մեզ մոտ այստեղ խոսում են, որ 28 բնակավայրերի թիվը նվազել է և ՌԴ հսկողության տակ են անցել մի քանի բնակավայր»,– ասաց մեր զրուցակիցը Կուրսկից։

MediaHub-ը ավելի վաղ գրել էր, որ Կուրսկի Սուջա քաղաքը դարձել է թիրախ, որտեղ ամենաշատն են տեղի ունենում ուկրաինական կազմավորումների հարձակումները, քանի որ այնտեղ գազաբաշխման համակարգն է տեղակայված, որով գազ է մատակարարվում դեպի Եվրամիություն։
Հիշեցնենք, Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին հայտարարել է, որ Կիևը «պատերազմը տեղափոխում է ագրեսորի տարածք»։ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ չի ցանկանում բանակցել Ուկրաինայի հետ. «Ի՞նչ բանակցությունների մասին կարելի է խոսել այն մարդկանց հետ, ովքեր հարձակվում են քաղաքացիական անձանց, քաղաքացիական ենթակառուցվածքների վրա կամ փորձում են վտանգներ ստեղծել միջուկային էներգիայի օբյեկտների համար»։

 

Մարիաննա Արամյան