ԱՄՆ-ը բացատրել է ՌԴ-ի, այլ երկրների դեմ մաքսատուրքեր չսահմանելու որոշումը, կոչ արել «հանգիստ նստել» և «չհակադարձել»

ԱՄՆ ֆինանսների նախարար Սքոթ Բեսենտը Fox News-ին ասել է, որ ԱՄՆ-ը պատժամիջոցների պատճառով ներմուծման մաքսատուրքեր չի սահմանել Ռուսաստանի և Հյուսիսային Կորեայի նկատմամբ։
Նրա խոսքով՝ Ռուսաստանի Դաշնությունը ներառված չէ այն երկրների ցանկում, որոնց նկատմամբ մաքսատուրքեր են սահմանվել, քանի որ «ԱՄՆ-ն առևտուր չի անում Ռուսաստանի հետ»։
Բացի այդ, Սպիտակ տան աղբյուրը «The New York Times»-ին ասել է, որ մաքսատուրքեր չեն սահմանվել Ռուսաստանի, Հյուսիսային Կորեայի, Կուբայի և Բելառուսի վրա, քանի որ այդ երկրներն արդեն բախվում էին «չափազանց բարձր մաքսատուրքերին և նախկինում կիրառված պատժամիջոցները կանխում են այդ երկրների հետ որևէ նշանակալի առևտուր»:
ԱՄՆ ֆինանսների նախարարը նաև կոչ էր արել մաքսատուրքերից տուժած երկրներին «հանգիստ նստել» և «չհակադարձել»։ «Իմ խորհուրդն այժմ բոլոր երկրներին է՝ հակահարված չտալ: Հանգիստ նստեք: Ընդունեք սա: Տեսնենք, թե ինչպես կանցնի, որովհետև եթե պատասխան միջոցներ ձեռնարկեք, ապա սրացում կլինի»,- զգուշացրել է նա «Fox News»-ին տված հարցազրույցում: