Ի՞նչ է լինելու Արցախի հետ. հանրահավաքի մասնակիցները փակել են նախագահականի մուտքը, սպասում Հարությունյանին

Ի՞նչ է լինելու Արցախի հետ. հանրահավաքի մասնակիցները փակել են նախագահականի մուտքը, սպասում Հարությունյանին

Այս պահին Արցախի մայրաքաղաք Ստեփանակերտում իրավիճակը լարված է:

Երեկոյան Վերածննդի հրապարակում հանրահավաք հրավիրած քաղաքացիները փակել են նախագահի նստավայրի մուտքը՝ պահանջելով, որպեսզի Արայիկ Հարությունյանը դուրս գա և անձամբ պատասխանի նրանց հարցերին: Նրանք նշում են, որ պահն այնքան օրհասական է, որ բացի երկրի ղեկավարից որևէ մեկը չպիտի խոսի:

Ինչպես հայտնում է MediaHub-ի թղթակիցը Ստեփանակերտից, հանրահավաք անցկացնել որոշվել էր դեռ առավոտյան, սակայն ցերեկը Հայաստանի իշխանությունը՝ ԱԺ արտաքին հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Էդուարդ Աղաջանյանի շուրթերով մեսիջ նրանց փոխանցեց՝ ՀՀ ու իրենց վրա այլևս հույս պետք չէ դնել.
“Օրակարգը այսպես թե այնպես այն հարցի շուրջ էր, թե ինչպիսին է ՀՀ դիրքորոշումը Արցախի ապագայի հարցում, մանավանդ Փաշինյանի վերջին ելույթից ու վտանգավոր թեզերից հետո:

Մենք պետք է ճիշտն իմանանք ՝ ի վերջո, ապրում ենք ու ուզում ենք այսուհետ ևս այս հողում, մեր հայրենիքում ապրել: Այդ դիջեյ-իշխանավորի հարցազրույցն ավելի վտանգավոր է ու լուրջ սպառնալիքներ է իր մեջ պարունակում, դրա համար մենք պահանջում ենք, որ հենց նախագահը դուրս գա ու վերջապես իր ասելիքը ասի մեզ բոլորիս՝ ինչպիսին է տեսնում Արցախի ապագան, ի՞նչ է լինելու մեր բոլորիս հետ”,- ասաց մասնակիցներից մեկը:

Ակցիայի մասնակիցները սպասում են Արայիկ Հարությունյանին: Նրանք երեսուն րոպե ժամանակ են տվել, որից հետո պատրաստվում են դիմել գործողությունների:

Հիշեցնենք, Էդուարդ Աղաջանյանը հայտարարել էր, որ Հայաստանն այլևս ռեսուրս չունի ապահովելու Արցախի անվտանգությունը: