Հերթական ծեծկռտուքն ու ՔՊ-ականների հերթական ինքնամաքրման անհաջող փորձերը

Հերթական ծեծկռտուքն ու ՔՊ-ականների հերթական ինքնամաքրման անհաջող փորձերը

Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ շաբաթ օրը «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը քաղաքական ժողով էր արել Դիլիջանում։ Մամուլը գրել էր, թե «քեֆն» ավարտվել է ծեծկռտուքով։ 

Ըստ մամուլի՝ երբ դրսում ՔՊ-ականները հավաքվել զրուցել են, այդ ժամանակ այդ տարածքով անցնելիս է եղել Վայքի համայնքի ղեկավար Մխիթար Մաթևոսյանը, որը ՔՊ-ականներին չի բարևել: Արմավիրի մարզպետ Էդվարդ Հովհաննիսյանը դիմել է Մաթևոսյանին, թե որ անցնում ես, ինչի՞ չես բարևում: Մաթևոսյանն էլ հայտարարել է, թե չի ուզում, չի բարևում, որից հետո մարզպետն ու համայնքապետը հարձակվել են իրար վրա ու ծեծել:

MediaHub-ի տեղեկություններով՝ ծեծկռտուքին մասնակից է եղել նաև ՔՊ-ական պատգամավոր Տրդատ Սարգսյանը։ Ի դեպ, վերջինիս կենսագրության մեջ սա առաջին դեպքը չէ, երբ իրեն կապում են ծեծկռտուքի հետ: Հիշեցնենք, 2019 թվականի սեպտեմբերին  անգիտակից վիճակում հիվանդանոց է տեղափոխվել Շիրակի մարզի բնակիչ, ՊՆ զորամասերից մեկի սպա Արա Մխիթարյանը, նրան շտապ վիրահատել են։  Լրատվամիջոցները բազմիցս հայտնել են, որ միջադեպին մասնակցել է այն ժամանակ Վայոց ձորի մարզպետ Տրդատ Սարգսյանը։ Թեև Սարգսյանը պնդում էր ու շարունակում է պնդել, որ ինքը մասնակից չի եղել ողբերգական այդ ծեծկռտուքին, որի հետևանքով Արա Մխիթարյանը մինչ օրս անգիտակից վիճակում է, Տրդատ Սարգսյանը սեպտեմբերի 24–ին պաշտոնից ազատվելու դիմում էր ներկայացրել: Բայց այսօր, ահա, ՔՊ-ական պատգամավոր է:

Ի՞նչ կապ ունի նա հերթական ծեծի հետ. MediaHub-ի զանգին ի պատասխան Սարգսյանն արձագանքեց, թե  հեռախոսով հարցազրույց չի տալիս ու անջատեց հեռախոսը։ 

MediaHub-ին տեղեկություն փոխանցեցին, թե վիճաբանությանը մասնակցել են նաև Ջերմուկի քաղաքապետ Վահագն Արսենյանը և նախկին ԲՀԿ-ական, այսօր ՔՊ-ի գաղափարախոսության երդվյալ պատգամավոր Սերգեյ Բագրատյանը։ Վերջինս մեզ հետ զրույցում փորձեց մանևրել, որպեսզի մաքրի իր անունը միջադեպի հետ կապ ունենալուց և ասաց, որ ինքը միայն նիստին է մասնակցել ու որևէ վեճի ականատես չի եղել.

«Ես այնտեղ չեմ եղել։ Ես Դիլիջան հաջորդ օրն եմ գնացել... ձեր ասած վեճի օրն այնտեղ չեմ եղել»,-ասաց նա։