Մահվան ելքով վրաերթ. 35-ամյա վարորդը Mercedes-ով վրաերթի է ենթարկել փողոցը չթույլատրելի հատվածով անցնող հետիոտնի

Այսօր՝ փետրվարի 26-ին, մահվան ելքով վրաերթ է տեղի ունեցել Երևանում. հայտնում է shamshyan.com-ը:
Ժամը 11։40-ի սահմաններում Շիրազի փողոցում՝ SPC բենզալցակայանի դիմաց, Երևանի բնակիչ՝ 35-ամյա Բեգլար Սահակյանը իր վարած Mercedes մակնիշի ավտոմեքենայով վրաերթի է ենթարկել փողոցը չթույլատրելի հատվածով անցնող մոտ 45-50 տարեկան տղամարդ հետիոտնի։
Վարորդը փախուստի չի դիմել, փորձել է բենզալցակայանի աշխատակիցների հետ օգնություն ցուցաբերել վրաերթի ենթարկվածին, և օպերատիվորեն ժամանած բժիշկների հերթապահ խումբն արձանագրել է նրա մահը։
Մինչ քննիչները դեպքի վայրի զննություն էին կատարում, պարեկները՝ գումարտակի հրամանատար Գ. Առաքելյանի, վաշտի հրամանատար Գ. Եփրեմյանի գլխավորությամբ օպերատիվ տվյալներով պարզել են մահացածի ինքնությունը. նա Երևան քաղաքի բնակիչ, 74-ամյա Ժորա Գրիգորյանն է։
Պարեկները հայտնաբերել են նաև Opel մակնիշի ավտոմեքենա, որը վրաերթի ենթարկվածինն է, ով վերգենտյա անցումից մոտ 400 մետր ներքև կայանել էր ավտոմեքենան և չթույլատրելի հատվածով փորձել անցնել փողոցը։ Mercedes-ի վարորդը ենթարկվել է սթափության փորձաքննության, նա եղել է սթափ։
Փաստի առթիվ ՀԿԳ ավագ քննիչ Մ. Մուրադյանի որոշմամբ հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քր.օր-ի 242 հոդվածի 2-րդ մասի (ճանապարհատրանսպորտային պատահար, որն անզգուշությամբ առաջացրել է մարդու մահ) հատկանիշներով։ Քննիչի հանձնարարականով Mercedes-ը տեղափոխվում է պարեկային ծառայության Երևանի գնդի պահպանվող հատուկ տարածք։