Մահ, ծնունդներ. ինչպես դասավորվեց Արցախից Հայաստանի ԲԿ-ներ տեղափոխվածների ճակատագիրը

Մարտի 6-ի դրությամբ, Արցախը Հայաստանին կապող միակ ճանապարհը Ադրբեջանի կողմից արգելափակելու հետևանքով Արցախից ՀՀ բժշկական կենտրոններ են տեղափոխվել ընդհանուր 153 հիվանդ՝ տարբեր ախտորոշումներով։
Այս մասին MediaHub-ի հարցմանն ի պատասխան հայտնեցին Արցախի առողջապահության նախարարությունից:
Նշվում է, որ շրջափակման ընթացքում տեղափոխության անհնարինության պատճառով մեկ հիվանդ մահացել է ԱՀ Առողջապահության նախարարության «Հանրապետական բժշկական կենտրոն» ՓԲԸ-ում։ Բարեբախտաբար՝ մահվան դեպքեր չեն գրանցվել ՀՀ բժշկական կենտրոններում։
Շրջափակման օրվանից առ այսօր Արցախում գրանցվել է 329 ծնունդ։ Նախարարությունից հետաքրքրվել էինք, թե հղիները, որոնք տեղափոխվել են ՀՀ բժշկական կենտրոններ, ինչ վիճակում են:
«Տեղափոխված հիվանդներից եղել են նաև հղիներ և համապատասխան բուժումներ ստանալուց հետո կազմակերպվել է նաև նրանց վերադարձը Արցախ։ Գրանցվել են նաև ծնունդներ ՀՀ բժշկական կենտրոններում։ Բոլոր տեղափոխված բուժառուները բժիշկների հսկողության տակ են, տեղի մասնագետները կապի մեջ են և հատկապես ծանր վիճակում գտնվողների վերաբերյալ պարբերաբար տեղեկատվություն է տրամադրվում»,- հայտնեցին մեզ գերատեսչությունից։
Բոլոր 153 հիվանդները տեղափոխվել են ՌԴ խաղաղապահ զորակազմի և «Կարմի խաչի» միջազգային կոմիտեի միջնորդությամբ և ուղեկցությամբ՝ ՀՀ տարբեր մասնագիտացված բժշկական կենտրոններ՝ պետական պատվերի շրջանակներում բուժում ստանալու համար։ 47 բուժառուներ, ովքեր պետական պատվերի շրջանակներում ուղեգրվել են ՀՀ բուժում ստանալու համար, ուղեկցողների հետ վերադարձել են Արցախ։
Հարցին, թե որ պետության բյուջեն է հոգում Արցախից տեղափոխված բուժառուների ծախսերը, պատասխանեցին.
«Արցախից Հայաստան տեղափոխված հիվանդների բուժօգնությունը տրամադրվում է պետական պատվերի շրջանակներում ՝ Արցախի Հանրապետության և Հայաստանի Հանրապետության համաֆինանսավորմամբ»։
Հիշեցնենք, որ արդեն 87 օր է, ինչ Արցախը շրջափակման մեջ է: