«Վարկաբեկող խոսակցություններ են»․ Սեյրան Մեջլումյանը մեղադրյալի կարգավիճակ չունի

«Վարկաբեկող խոսակցություններ են»․ Սեյրան Մեջլումյանը մեղադրյալի կարգավիճակ չունի

Մամուլում շրջանառվում են լուրեր, թե քաղաքապետարանի աշխատակազմի քարտուղարի ժ/պ Սեյրան Մեջլումյանի նկատմամբ քրեական հետապնդում է հարուցվել։ 

Ըստ մամուլի՝ քրգործը «նախաձեռնել է» Հակակոռուպցիոն կոմիտեն ու ՀՀ ոստիկանությունը և այն կապված է ինքնակամ շինությունների օրինականացման գործընթացների հետ: MediaHub.am-ը փորձեց տեղեկությունը ճշտել Հակակոռուպցիոն կոմիտեից, թե որքանով են տեղեկությունները համապատասխանում իրականությանը։

Կոմիտեի նախագահի մամուլի քարտուղար Մարինա Օհանջանյանը հայտնեց, որ Մեջլումյանը կոմիտեում քննվող որևէ քրեական վարույթի շրջանակներում մեղադրյալի կարգավիճակ չունի։ 

«Ինքնակամ շինությունների օրինակացմանն առնչվող քննվող գործեր մեզ մոտ շատ կան, բայց տվյալ անձը մեզ մոտ քննվող որևէ քրեական վարույթով մեղադրյալի կարգավիճակ չունի»,-փոխանցեց նա։ 

Սեյրան Մեջլումյանն էլ MediaHub.am-ին փոխանցեց, որ շրջանառվող լուրերին ծանոթ է, լրատվամիջոցներում է կարդացել։ «Ո՛չ Հակակոռուպցիոն կոմիտեից, ո՛չ ուժային այլ կառույցներից չեմ ծանուցվել, ոչ մի զանգ, ոչ մի կանչ, ոչ մի խնդիր չեմ ունեցել, հրավեր չեմ ունեցել, ոչ մի գործով չեմ անցել։ Պաշտոնապես ասում եմ՝ չկա նման բան, վարկաբեկող բնույթի խոսակցություններ են։ Հուսանք՝ վերջում կիմանանք, թե ովքեր են հետևում կանգնած»,-ասաց նա։ 

Նշենք, որ տևական ժամանակ է շրջանառվում է, որ Երևանի քաղաքապետի ընտրություններին ընդառաջ՝ քայլեր են ձեռնարկվում գործող քաղաքապետ Հրաչյա Սարգսյանին և նրա թիմակիցներին «թուլացնելու» և Տիգրան Ավինյանի «դիրքներն ամրացնելու» ուղղությամբ։ Հարցին, թե այս դիտարկումները կարո՞ղ են կապվել շրջանառվող այս լուրերին՝ վերջինս պատասխանեց․ 

«Ծանոթ չեմ այս կարծիքներին, բայց, ամեն դեպքում, մանիպուլյացիոն հայտարարություններ են»։ 

Լիաննա Թորոսյան