Պղտոր, դեղին, զզվելի համով. խմելու ջրի որակը վատն է, «Վեոլիա Ջուր»-ն այդպես չի կարծում

MediaHub-ը շարունակում է բազմաթիվ ահազանգեր ստանալ առ այն, որ ջրի որակը շատ վատն է, պղտոր է, անհնար է խմել այդ ջուրը, իսկ Երևանի որոշ վարչական շրջաններում ջուրը խմելուց հետո բաժակի վրա սպիտակ հետքեր են մնում:
Նաև ահազանգեր ենք ստանում, որ երեկոյան ժամը 21:00-23:00-ից սկսած իրենց տարածքում ջրանջատումներ են լինում, և մարդիկ ողջ գիշեր, այս շոգին, մնում են առանց ջրի: Ընդ որում, ըստ ահազանգած քաղաքացիների՝ մարդկանց տեղեկություններ են հասնում, որ ջրանջատումներն խնայողություններով են պայմանավորված։
Ավելի վաղ գրել էինք, որ «Վեոլիա Ջուր» ընկերության կայքում ջրանջատումների մասով նշված են հասցեներ, որ մայիսի 1–ից սեպտեմբերի 15-ն ընկած հատվածում, ժամը 24:00-ից մինչև 7:00–ն Երևանի վարչական շրջաններում կլինեն ջրանջատումներ:
Ինչո՞վ է պայմանավորված ջրի վատ որակը, որի մասին, ի դեպ, բարձրաձայնում է նաև Երևանի քաղաքապետը, ի՞նչ է անելու «Վեոլիա Ջուր»–ը խնդիրը լուծելու համար. MediaHub-ը կապ հաստատեց ընկերության մամուլի քարտուղար Զառա Նազարյանի հետ:
Վերջինս նշեց, որ եթե վթար չկա, ապա ջրանջատումները կատարվող աշխատանքներով են պայմանավորված:
«Մենք խիստ տեմպով աշխատում ենք, քանի որ ցանցը վատն է, կիլոմետրերով խողովակներ ենք փոխում»,- ասաց նա։
Ջրի որակի հետ կապված էլ հավաստիացրեց. «Մեր լաբորատորիան անընդհատ աշխատում է, եթե ինչ-որ խնդիր է լինում, մենք զգուշացնում ենք, եթե չենք զգուշացրել, հավատացեք, լաբորատորիան ամենաժամանակակիցն է, Եվրոպայի մակարդակի լաբորատորիա է, դրա պատճառով որևէ խնդիր չկա ու չի կարող լինել ջրի որակի հետ կապված»։
Այլ կերպ ասած, «Վեոլիա Ջուրը» ո՛չ մեկ, ո՛չ էլ մյուս հարցով, որոնք բարձրաձայնում են քաղաքացիները, խնդիր չեն տեսնում:
Մինչդեռ քաղաքացիների կողմից հրապարակվող տեսանյութերը վկայում են հակառակի մասին:
Օրինակ, լրագրող Մարիաննա Ղահրամանյանն ահազանգում է․ «Առողջապահության և աշխատանքի տեսչական մարմին մեր ահազանգից հետո իրավասու մարմինը ջրի փորձաքննության /18.07.24/ համապատասխան եզրակացությամբ մեզ համոզում է, թե խմելու ջրի որակը համապատասխանում է սահմանված նորմերին... Փորձաքննությունն իրականացվել ԼԱՍՄԵԴ անունով մի անհայտ լաբորատորիայում, որից բաց աղբյուրներից որոնողական համակարգի միջոցով միայն պետռեգիստրում գրանցման հասցեի /տնօրենի բնակարան/ ու պետգնումների պայմանագրերի մասին ինֆորմացիա հաջողվեց ստանալ/Օրինակ, ՔԿՀ-ներում մանրէաբանական անալիզի ծառայության մատուցման/։ Լաբորատորիան չունի կայք, նրա գործունեության մասին լայն հանրությանը ոչինչ հայտնի չէ կամ քիչ բան է հայտնի»։
Նա նաև տեսանյութ է հրապարակել, թե ինչպիսի «մաքուր» խմելու ջուր է գալիս իրենից ծորակից, որն, ըստ այդ լաբորատորիայի և, ըստ էության «Վեոլիա Ջրի», համապատասխանում է սահմանված նորմերին։
Մեզ մնում է հույս հայտնել, որ «Վեոլիա Ջրի» պատասխանատուների տան ծորակից նույն որակի ջուր է ծորում, և իրենք այն խմում են, քանի որ «համապատասխանում է նորմերին», և ոչ մի խնդիր էլ չկա:
Մարիաննա Արամյան