Պիտի հանրության թիկունքում որոշում ընդունելու իշխանության ձեռագիրը հասցնենք նվազագույնի․ Վանեցյան

Բացի չլուծված անվտանգային խնդիրներից այսօր Արցախն ունի նաև օր առաջ լուծում պահանջող շատ ծայրահեղ սուր սոցիալական և հումանիտար խնդիրներ։ Այդ մասին այսօր Արցախի հարցով հրավիրված խորհրդարանական լսումների ժամանակ ասաց ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար Արթուր Վանեցյանը՝ անդրադառնալով վերջերս իր՝ Արցախ կատարած այցին։

Նրա խոսքով՝ իրականում խնդիրները շատ-շատ են:

«Արցախի համար մենք այսօր ունենք երկարաժամկետ միջազգային երաշխիքների խնդիր, մենք ունենք խնդիր՝ գիտակցելու, որ Արցախի անվտանգությունը չի սահմանափակվում միայն արցախցիների ֆիզիկական անվտանգությամբ, ինչպես այն փորձում է ներկայացնել Հայաստանի իշխող ուժը, որ Արցախի կարգավիճակի մասին խոսելը և «կարգավիճակ» բառը պարզապես արտասանելը չի լուծում Արցախի անորոշ ապագայի հետ կապված խնդիրները»,- նշեց նա։

Ըստ Արթուր Վանեցյանի՝ տպավորություն է, որ Արցախի կարգավիճակի մասին խոսողները չեն էլ հասկանում, որ կարգավիճակ ասվածը ցանկացած ձևով կարող է լինել, և կարևոր է խոսել շատ հստակ՝ արցախահայության ինքնորոշման իրավունքի լիարժեք ու առանց սահմանափակումների իրացման կարևորության մասին։

«Այս խնդիրների շարքը երկար կարելի է շարունակել։ Կարող ենք ասել, որ այս ամենը համապատասխան գիտելիքի, կամքի միգուցե ցանկության բացակայությա՞ն, թե՞ միտումնավոր իրականացվող քաղաքականության արդյունք է: Այս ամենը հասկանալը շատ կարևոր է, բայց այս պահին, կարծում եմ, ոչ առաջնահերթ հարց է»,- ասաց նա։

Ընդդիմադիր խմբակցության ղեկավարի դիտարկմամբ՝ մենք այսօր մի շատ ավելի կարևոր իրողություն ունենք, ես կասեի ցավալի իրողություն:

«Մենք ստիպված պետք է ընդունենք և փորձենք լուծումներ գտնել մի իրավիճակում, երբ Հայաստանում ամենօրյա կտրվածքով ճակատագրական որոշումներ են կայացնում, բանակցություններ վարում, պայմանավորվածություններ ձեռք բերում մարդիկ, որոնք մեզ բոլորիս միգուցե միտումնավոր միգուցե չհասկանալով բերեցին և հասցրեցին այս աղետալի վիճակին: Այդ մարդիկ, ցավոք սրտի դեռևս իշխանություն են»,- ասաց նա։

Արթուր Վանեցյանի համոզմամբ՝ կա հիմնավորված ու արդարացի պահանջ՝ ստանալու այդ գործընթացների մասին պարբերաբար թարմացվող հաշվետվություն։

«Այս օրենսդրական նախաձեռնությունը կոչված է ծառայելու հենց այս նպատակին։ Կփոխվի՞ արդյոք սրանով հանրության թիկունքի հետևում գաղտնի պայմանավորվածությունների գնալու իշխանությունների քաղաքականությունը, գուցե և ոչ ամբողջապես, բայց այս գործիքակազմը նախ հնարավորություն կստեղծի հաշվետվողականության նոր էլեմենտ առաջ բերելու, և ամենակարևորը, այն հնարավորություն կլինի նաև հանրության համար այս կամ այն չափով մասնակիցը դառնալու»,- եզրափակեց խոսքը Արթուր Վանեցյանը։