Քաղաքացիների մոտ դժգոհություն չկա, քանի որ ընդդիմության բողոքի ակցիային մասնակցող չի եղել. Գալջյան

Երևանը 2023 թվականին նոր ավագանի ընտրեց, ավագանին էլ քաղաքապետ ընտրեց Տիգրան Ավինյանին։
Երևանի ավագանու ընտրությունը չունեցավ այն արդյունքը, որը սպասում էր իշխանությունը կամ ժողովուրդը, պատճառն ընտրողների անտարբերությունն էր։
«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության ղեկավար Արմեն Գալջյանը MediaHub-ի հետ զրույցում ամփոփելով քաղաքային կառավարման տարին՝ նշեց, որ ընտրությունների արդյունքները բոլոր ուժերի համար էր կանխատեսվածից տարբերվում, որը պայմանավորված էր ընտրողների ցածր մասնակցությամբ։
«Կարծում եմ՝ սա պայմանավորված էր արտաքին մարտահրավերներով, արտաքին հարաբերություններում տեղի ունեցած խնդիրներն էականորեն ազդել են ընտրություններում Երևան քաղաքի բնակիչների կարծիքների վրա, որովհետև որքան էլ այն ՏԻՄ ընտրություն է, Երևան քաղաքի դեպքում խիստ քաղաքական է»,- ասաց նա։
Թե ինչպես է աշխատել իշխանությունը 2023 թվականին՝ Գալջյանը հակիրճ պատասխանեց․
«Մեր աշխատանքների մասին թվերն են խոսում, հատկապես 2022-2023 թվականներին մեր կատարողականները էականորեն բարձր են եղել նախորդ տարիների համեմատ։ Տեսանելի է, որ փոփոխություններ կան տրանսպորտի ոլորտում, բակեր են բարեկարգվել, բազմաթիվ այլ աշխատանքներ են արվել։ Կարծում եմ՝ մեր աշխատանքը բավարար և դրական է։ Որքան էլ ընտրությունների արդյունքը այն չէր, ինչ բոլորն էին սպասում։ Ամեն դեպքում «Քաղաքացիական պայմանագիրը» ամենաշատ ձայներն է ստացել բոլոր վարչական շրջաններում և սա պարտավորեցնող է»։
Նորընտիր ավագանու նիստերը խաղաղ չէին ընթանում․ վեճեր, փոխադարձ վիրավորանքներ ու մեղադրանքներ: «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության ղեկավար Արմեն Գալջյանի խոսքով՝ խաղաղ էին այն նիստերը, երբ ընտրում էին քաղաքապետին ու փոխքաղաքապետերին։
«Երբ «Մայր Հայաստան» խմբակցության անդամները բարեհաճեցին նիստերին ներկայանալ, այդ ժամանակ էլ անախորժությունները սկսվեցին նիստերի դահլիճում։ «Մայր Հայաստանը» ԱԺ «Հայաստան» դաշինքի փոքր տեսակն է և այն վարքագիծը, որը դրսևորում են, մեզ համար այդքան էլ անսպասելի չէ։ Իրականում, եթե խոսենք ընդդիմության հետ աշխատանքների մասին, կարող ենք ասել, որ որոշ հարցեր կան, որոնց վերաբերյալ ոչ բոլոր խմբակցությունների հետ է հնարավոր լինում քննարկումներ իրականացնել, բայց կան հարցեր, որոնց շուրջ մենք աշխատանքային քննարկումներ ենք ունենում ու մինչ այս պահն էլ բոլոր որոշումները, որոնք ավագանու նիստ են եկել, ընդունվել են»,- նշեց մեր զրուցակիցը։
Քաղաքային իշխանության գլխավոր խնդիրը Երևան քաղաքի երթևեկությունն ու հանրային տրանսպորտի բարեփոխումն է։
«Մենք հիմա ակտիվ աշխատում ենք, որպեսզի Երևան քաղաքի մասնավորապես կենտրոնում երթևեկությունը բեռնաթափվի, կարևոր որոշումներ ենք ընդունել արդեն, օրինակ՝ բեռնատարների մուտքն ենք սահմանափակել Կենտրոն, կարմիր գծերի դրույքաչափի բարձրացման որոշումն ընդունեցինք, որը ևս առաջիկայում իր ազդեցությունը կունենա: Սա նաև որոշակի այլ որոշումներ է ենթադրում, որոնք արդեն քաղաքապետը պետք է կայացնի, պատրաստվում ենք քննարկել նաև միասնական տոմսային համակարգի հարցը»։
Կարմիր գծերի դրույքաչափի բարձացման որոշումը միանշանակ չի ընդունվել, սակայն Գալջյանը վստահեցնում է՝ քաղաքացիների մոտ դժգոհություն չկա, քանի որ ընդդիմության կազմակերպած բողոքի ակցիային մասնակցող չի եղել։
«Որքան էլ շատերը պնդում են՝ քաղաքացիների մեծամասնությունն այս որոշմանը դեմ չէ, վստահաբար կան քաղաքացիներ, որոնք հարցեր են բարձրաձայնում, բայց երբ այս որոշումն իր դրական ազդեցությունն ունենա, այդ ժամանակ բողոքներ չեն լինի ու քաղաքացիները կհասկանան՝ որքան էլ որոշումը ցավոտ էր, ճիշտ էր։ Կենտրոնի բնակիչները բակեր ունեն ու մեքենաները կարող են կայանել բակերում, եթե մեկն ապրում է Կենտրոնում, չի նշանակում, որ այդ փողոցն ու մայթն իրեն է պատկանում։ Ապրելով Կենտրոնում՝ չի նշանակում, որ փողոցն իրենց համար անվճար կայանատեղի է, հետևաբար մյուս բնակիչներից կենտրոնցիներին տարբերակելը սխալ է։ Այո, շենքեր կան, որոնք չունեն մեքենան կայանելու հարմար հատվածներ, բայց իրենց համար էլ կայանումը երեկոյան 22։00-ից անվճար է»,- ասաց նա։
2024 թվականի համար ավագանին բյուջե է ընդունել, որով քաղաքային իշխանությունը պլանավորում է ևս 500 նոր վերելակներ տեղադրել շենքերում, մանկապարտեզներ վերանորոգել, 100-ից ավելի բակեր բարեկարգել, 200 ավտոբուս ձեռք բերել, շուրջ 30 տոկոսով բարձացնել մանկապարտեզների աշխատակիցների աշխատավարձերը և այլն։
Իշխող խմբակցության ղեկավարն ընդդիմությանը կոչ է անում գիտակցել՝ բոյկոտելով որևէ արդյունքի չեն հասնելու և առաջարկում է կառուցողական դաշտ վերադառնալ։
«Եթե ես իրենց փոխարեն լինեի՝ շատ ավելի թիրախային կքննադատեի, քան թալանի մեջ մեղադրելն է, որովհետև դա առաջին հերթին իրենց դեմ է պտտվում, որովհետև ամենամեծ թալանով զբաղվել է ընդդիմադիր խմբակցություններից առնվազն մեկը։ Իրենց կոչ եմ անում ավելի առարկայական քննադատություն ներկայացնել ու լուրջ առաջարկություններով հանդես գալ, որն իրենց ավելի քաղաքական դիվիդենտներ կտար, քան այս բոյկոտային գործելաոճն է. այն իրենց որևէ լավ տեղ չի տանելու»։
Լիաննա Թորոսյան