ՔՊ-ականները ցանկանում են ընդդիմությունից կերտել «ներքին թշնամու» կերպար

ՔՊ-ականները ցանկանում են ընդդիմությունից կերտել «ներքին թշնամու» կերպար

Ընդդիմությունը մնացել է իր ձևակերպած օրակարգի տակ, ուղիներ են ման գալիս, որ արդարացնեն ԱԺ իրենց հետ գալը: Մենք զբաղված ենք Արցախի և ՀՀ-ի շահը սպասարկելով, ոչ թե հայտարարություններ անելով, Աժ ամբիոնից միշտ խոսում ենք Արցախի խնդրի մեր պատկերացումների մասին, կարմիր գծեր բերելը հիմարություն է: Այդ մասին հայտարարել է ՔՊ-ական Վաղարշակ Հակոբյանը:

ՔՊ-ականները կրկին անգամ փորձում են արցախյան ճակատում իրենց բոլոր ձախողումները բարդել ընդդիմության, նախկինների, իսկ հնարավորության դեպքում` անգամ «այլմոլորակայինների» վրա: Ըստ ՔՊ-ականների տրամաբանության՝ արցախյան ճակատում կորուստների, զոհերի և այսօր ստեղծված ցուգցվանգային իրավիճակի համար մեղավոր են բոլորը, սակայն ոչ Նիկոլ Փաշինյանն ու նրա հենարան ՔՊ-ն:

Երբ Վաղարշակ Հակոբյանը հայտարում է, որ իրենք զբաղված են Արցախի և ՀՀ-ի շահը սպասարկելով՝ ՀՀ քաղաքացիների դեմքին ժպիտ է առաջանում, քանի որ նրանք ՔՊ-ականների շուրթերից այդ հայտարարությունն ընկալում են, որպես հումոր կամ թարմ անեկդոտ: Հայոց պետականությունը 2018թ.-ից սկսված կործանվում է՝ տնտեսական, ռազմա-քաղաքական, ժողովրդագրական ոլորտներում՝ աճում է միայն ՔՊ-ականների 13-րդ աշխատավարձերի, պարգևավճարների չափն ու արտասահմանյան ուղևորությունների աշխարհագրությունը: Հայաստանում աղքատությունն ու սոցիալական ծանր իրավիճակը սահմանում են նոր ռեկորդներ: Այդ մասին իհարկե ՔՊ-ականները լռում են:

Այսօր Արցախի փրկության համար պայքարում է միայն պետականամետ, ազգային ընդդիմությունը, որի համար Արցախը երբեք չի կարող լինել Ադրբեջանի կազմում՝ դա ուղղակի խոսքեր չեն՝ այլ կենսակերպ: Ընդդիմության լիդերներից շատերը՝ արցախյան հերոսամարտի ակտիվ մասնակցիներն են, ովքեր իրենց կյանքով են ապացուցել իրենց ներդրումն Արցախի փրկության գործում: Իշխանափոխությանն այլընտրանքն՝ ամեն օր ՔՊ-ականներից նոր «կենացներ» լսելն է, թե ինչ «լավ» է ապրել փաշինյանական Հայաստանում:

Վահրամ Բագրատյան