Արցախում վառելիքի դեֆիցիտ կա․ էկոնոմիկայի նախարարությունը մանրամասներ է հայտնում

Արդեն հինգ օր է, ինչ Արցախը մայր Հայաստանին կապող միակ ճանապարհը թշնամին փակել է։ Եվ այդ պատճառով հայկական երկրորդ պետությունը կանգնած է հումանիտար աղետի առաջ։
MediaHub.am-ը լուրեր է ստանում, որ Արցախում արդեն պարենի, առաջին անհրաժեշտության ապրանքների դեֆիցիտ է նկատվում։ Մենք հարցում ենք ուղարկել Արցախի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարություն՝ հասկանալու, թե ինչ վիճակ է այս պահին։
Ստորև ներկայացնում ենք մեր ուղարկած հարցերն ու դրանց պատախսանները։
- Այս պահին պարենային անվտանգության ի՞նչ խնդիր ունի Արցախը, ո՞ր ապրանքներն են սպառման եզրին։
- Այս պահին առաջին անհրաժեշտության ապրանքներով ապահովվածությունը բավարար է: Լիովին սպառված ապրանքներ դեռ չկան: Սակայն շրջափակումը շարունակվելու դեպքում որոշ պարենային ապրանքների գծով խիստ դեֆիցիտ կզգանք:
- Դեռ քանի՞ օր Արցախը կկարողանա գոյատևել, եթե բլոկադան շարունակվի։
- Դժվար է այդպիսի գնահատական տալ, թե քանի օր կգոյատևի Արցախը բլոկադայի պայմաններում: Արցախի ժողովուրդը երկար ժամանակ բլոկադայի պայմաններում ապրել է 90-ականներին, և այժմ էլ մեր կամքը վճռական է:
- Կա՞ն ապրանքներ, որոնց դեֆիցիտ արդեն իսկ կա։
- Այս պահին սուր է վառելիքի պաշարների հարցը, արդեն իսկ դեֆիցիտ կա, վառելիքի սպառումն իրականացվում է հստակ ընթացակարգով՝ ըստ խնդրի հրատապության:
Նարե Գնունի