ՔՊ-ականների օրոք հայկական տնտեսությունը մեծ տեմպերով գահավիժում է

Հայաստանը գործընկեր և հարևան երկրների ցանկում ունի ամենացածր գնաճը: Այդ մասին հայտարարել է ՔՊ-ական Գևորգ Պապոյանը:
ՔՊ-ականներն ունեն յուրահատուկ հատկություն՝ ցանկացած աղետալի իրավիճակի, Հայաստանին հասցված նոր հարվածի պարագայում որպես «փաստարկ» բերել միջազգային կառույցների զեկույցներ կամ ՀՀ-ում ստեղծված իրավիճակը համեմատել այլ երկրների հետ:
Թե ինչ վիճակում է ՀՀ տնտեսությունը, կարող են ասել ադեկվատ ՀՀ քաղաքացիները, ովքեր իրենց գրպանի, սառնարանի և առօրյա կյանքում զգում են Փաշինյանի և թիմի կառավարման արդյունքները՝ գնաճ, զրո նոր աշխատատեղ, 11 միլիարդ դոլարի արտաքին պարտք, արտագաղթող երիտասարդություն, հարստացող ՔՊ-ական պաշտոնյաներ:
Հայաստանի հարևան երկրներից՝ Թուրքիան ունի 84 միլիոն բնակչություն, ծովեր, մեծ տնտեսություն, հարևան է ԵՄ-ին, Վրաստանը՝ սերտ տնտեսական կապեր ունի Թուրքիայի, Ադրբեջանի, ԵՄ-ի հետ՝ արևմտյան ներդրումներն աջակցում են վրացական տնտեսությանը, Ադրբեջանը, որի հետ Փաշինյանը ցանկանում է «խաղաղության դարաշրջան» հաստատել՝ ունի ահռելի նավթագազային ռեսուրսներ, կառուցում է երկաթգծեր, որոնք կապում են ԵՄ-ն՝ կասպյան տարածաշրջանի և Չինաստանի հետ: Իրանը դուրս է գալիս արևմտյան պատժամիջոցներից և իր նավթն ու գազը վաճառելով տարբեր միջազգային շուկաներում՝ հզորացնում է տնտեսությունը:
2018թ.-ից ՔՊ-ն իշխանության է՝ ուր են Փաշինյանի խոստացված միլիարդավոր ներդրումները՝ դրանք չկան, ոչ Արևմուտքը, ոչ ՌԴ-ն ցանկություն չունեն ներդրումներ անելու: ՔՊ-ականները հզորացնում են իրենց թիմի տնտեսական ներուժն՝ անշարժ գույքի, թանկարժեք մեքենաների, արտերկրում ձեռք բերվող տների տեսքով:
ՔՊ-ականների օրոք հայկական տնտեսությունը մեծ տեմպերով գահավիժում է՝ աղքատության ու արտագաղթի աճն այս իշխանությունների «ձեռքբերումներն» են:
Վահրամ Բագրատյան