Uber-ը մտադիր է ճամփորդական «սուպերհավելված» ստեղծել՝ այն հագեցնելով ինքնաթիռներով, գնացքներով եւ վարձույթով մեքենաներով

Uber-ը մտադիր է ճամփորդական «սուպերհավելված» ստեղծել՝ այն հագեցնելով ինքնաթիռներով, գնացքներով եւ վարձույթով մեքենաներով

Uber-ը շարունակում է ճանապարհորդությունների համար «սուպերհավելվածի» վերածվելու իր ծրագիրը, հայտնում է CNBC-ը։

Չորեքշաբթի ընկերությունը հայտարարել է, որ այս տարի Մեծ Բրիտանիայի իր հավելվածում գնացքներ, ավտոբուսներ, ինքնաթիռներ եւ մեքենաների վարձույթ կավելացնի: Այս քայլը փորձնական ծրագրի մի մասն է, որը հաջողության դեպքում հետագայում այլ երկրներում կարող է ներդրվել:

Թեեւ Uber-ը զբոսաշրջային այս ծառայություններն ինքնուրույն չի տրամադրի, նա թույլ կտա օգտատերերին պատվիրել դրանք իր հավելվածի միջոցով՝ տոմս վաճառող հարթակների հետ ծրագրային ապահովման ինտեգրումից հետո։

Տեխնոլոգիական հսկան, որը կարող է մասնաբաժին ստանալ յուրաքանչյուր ամրագրումից, ասել է, որ նախատեսում է առաջիկա ամիսներին հայտարարել տարբեր գործընկերների մասին:

Uber-ը նշել է, որ ինտեգրումը կօգնի մեծացնել հավելվածների օգտագործումը Մեծ Բրիտանիայի օգտատերերի շրջանում, որոնք նաեւ ընտրություն ունեն այնպիսի հավելվածների միջեւ, ինչպիսին են Bolt-ը եւ Free Now-ն: Մեծ Բրիտանիան Uber-ի ամենամեծ շուկաներից մեկն է ԱՄՆ-ի սահմաններից դուրս:

Uber-ը նախատեսում է նաեւ թույլ տալ մարդկանց հավելվածի միջոցով Eurostar գնացքի տոմսեր գնել: Eurostar-ը ճանապարհորդներին հնարավորություն է տալիս Լոնդոնից Փարիզ եւ այլ քաղաքներ մեկնել Լա Մանշի թունելով: