Փաշինյանի անփառnւնակ nւրացման nւղին 

Փաշինյանի անփառnւնակ nւրացման nւղին 

Նիկոլ Փաշինյանն այսօր ավանդաբար ուղերձ է հղել՝ Հանրապետության օրվա առթիվ: Դրանում ոչ մի հիշատակում չկա, թե ո՞ւմ դեմ են պայքարել մեր նախնիները, ո՞ւմ շնորհիվ ենք մենք ունեցել Առաջին Հանրապետությունը, ովքե՞ր են ցեղասպանությունից ու հայրենազրկումից հետո իրենց մեջ ուժ գտել պայքարել, կյանքի գնով պահել հայրենիքը:

Փաշինյանի ուղերձները նույնքան կեղծավոր են, որքան ինքը, քանզի եթե ինքը մինչև վերջ անկեղծ լինի առաջին հերթին իր, հետո նաև բոլորիս հետ, ապա այս օրը սուգ կհայտարարի, քանզի մեկ դար առաջ հայերը ջարդեցին իր պաշտելի թուրքերին, որոնց հետ նա քիրվայություն է անում ու չի էլ թաքցնում դա:

MediaHub-ը ուշադրություն դարձրեց, որ Փաշինյանի այս տարվա ուղերձում թշնամու մասին հիշատակում չկա: Առհասարակ, վերջին անգամ Փաշինյանը թշնամու ով լինելը Հանրապետության օրվա առթիվ ուղերձում նշել է մի քանի տարի առաջ՝ հստակ մատնանշելով, որ թշնամին թուրքն է.
«...Բաշ-Ապարանում և Սարդարապատում տարավ իր պատմության փառահեղ հաղթանակներից՝ ջախջախելով թուրքական զորամիավորումներին, և այդ հաղթանակի թագն ու պսակը դարձավ Առաջին Հանրապետության հռչակումը: Հերոսական այս ճակատամարտերի պատմությունն աներևակայելի է: Ինչպե՞ս, այդ ինչպե՞ս կարողացավ ցեղասպանության ենթարկված, սրի քաշված, թալանված ու ոչնչացման եզրին կանգնած հայ ժողովուրդը հաղթել թուրքական բանակին»:

Սա հատված է 2018թ-ի ուղերձից, ընդ որում՝ այդ օրը նա Ամենայն Հայոց կաթողիկոսի, Արցախի նախագահ Բակո Սահակյանի ուղեկցությամբ էր Սարդարապատ հուշահամալիրում, ուր այսօր անգամ չայցելեց:

Դրանից հետո սկսվեց նրա ուղերձների և իր անփառունակ ուղու տրանսֆորմացիան՝ դեպի դավաճանություն, հայրենիքի ու Արցախի  հանձնում:

«1918 թվականի մայիսի 15-ին Ալեքսանդրապոլը գրավելուց հետո, մայիսի 21-ին թուրքական առաջապահ ուժերը հասել էին Սարդարապատ գյուղ և թվում էր՝ նրանք անխուսափելիորեն մուտք են գործելու էջմիածին ու Երևան, և հայության մնացած հատվածն էլ դատապարտվելու է ոչնչացման»,- ասված է նրա՝ 2020թ-ի ուղերձում:

Նաև՝ այս ուղերձը վերջինն էր, որում երկրի ղեկավարի աթոռին գամված անձը հիշատակեց Արցախը ու այն, որ Սարդարապատը Արցախը հայկական պահելու մասին էր:  

2021-ին, այսինքն ողբերգալի ու արյունալի 44-օրյա պատերազմից ընդամենը ամիսներ անց Փաշինյանի ուղերձում նշվեց. «1918-ի այս օրերին մեր ժողովուրդն օրհասական վտանգի առջև էր կանգնած։ Թվում էր, թե անխուսափելի է կործանումը։ Թվում էր, թե մենք վերջնականորեն կորցնելու ենք մեր հայրենի հողի վրա պետություն ստեղծելու և մեր բնօրրանում ապրելու իրավունքը։ Սակայն ժողովրդի ուժերի գերլարումով, Արամ Մանուկյանի ոգու և կամքի առաջնորդությամբ հայությունը կարողացավ կանգնեցնել թշնամու գրոհը և Սարդարապատի, Բաշ-Ապարանի ու Ղարաքիլիսայի հերոսական մարտերում մեկընդմիշտ հաստատել ինքնիշխան պետություն ունենալու իր անքակտելի իրավունքը»:

Ինչպես MediaHub-ը կներկայացնի հաջորդիվ, սա վերջին անգամ էր, երբ Փաշինյանը արտաբերեց թշնամի բառը, թեև ոչ մի անգամ չհիշատակելով, թե ո՞ր պետությունն ու էթնոսն է մեր թշնամին: Պատերազմից ամիսներ անց, կրկնում ենք, Նիկոլը չխոսեց այն մասին, որ մեկ դար առաջ ու հիմա թշնամին նույնն է, քանզի նա արդեն բռնել էր դավաճանական՝ թուրքիան ու ադրբեջանը մեր հիշողությունից որպես թշնամի ընկալելն ու նույնականացնելը մոռացության տալու ճանապարհը:

2022 թվականի ուղերձում Փաշինյանը անամոթաբար հնչեցրեց Սարդարապատի հերոսների անունները, որոնք հայրենիք են պահել, հայրենիք են սերունդներին ժառանգել իրենց արյան գնով, որն ինքն այսօր, հարյուր տարի անց, դավաճանաբար նվիրում է այն թշնամուն, որի անունն անգամ վախենում է հնչեցնել: Թեև, դա ընդամենը պատմական փաստի արձանագրում է, ի վերջո՝ ո՞ւմ դեմ ենք պատերազմել, ո՞վ էր ու կա մեր թշնամին, որին նվիրված ես ավելին, քան հայրենիքիդ:

Ահա երկու տարի առաջ նրա ուղերձից մի հատված. «Այսօր էլ մեր երկիրը կանգնած է նմանատիպ մարտահրավերների առաջ ու մեզ մտքի բացառիկ ճկունություն, երկաթյա կամք ու մանանեխի հատիկի չափ հավատ է հարկավոր այդ մարտահրավերները հաղթահարելու համար: Առաջին Հանրապետության հիմնադիր հայրերը ժամանակ էլ չունեցան նորածին պետությունը գլոբալ մարտահրավերների առաջ դիմակայուն դարձնելու համար: Երրորդ Հանրապետությունում մենք ցավալիորեն շատ ժամանակ ենք վատնել: Բայց Սարդարապատի հերոսները, Առաջին Հանրապետության հիմնադիր հայրերը մեզ ոգեշնչում են շարունակաբար»:

Ի՞նչ են ոգեշնչում իր իսկ հիշատակած Արամ Մանուկյանը, Թովմաս Նազարբեկյանը, Մովսես Սիլիկյանը, Դրոն, Նժդեհը, Դանիել ու Պողոս Բեկ Փիրումյանները, եզդիական հեծյալ ջոկատի հրամանատար Ջհանգիր աղան, զենքը ձեռքին կռվող հոգևորականները: Բզկտե՞լ հայրենիքը, նվիրել թշնամուն ու կզե՛լ, կզե՛լ, անվերջ կզել նրա դիմա՞ց: 

2023 թվականի ուղերձում ևս Փաշինյանը վերացական ինչ-որ բառակույտ էր շաղ տվել.
«….Ավելի քան 540 տարվա ընդմիջումից հետո հայ ժողովուրդը պետություն ունեցավ, եւ առաջին անգամ ունեցավ Հանրապետություն եւ այդ Հանրապետության դասերն այսօր ահա մեր սեղանին են: …Առաջին Հանրապետությունը չունեցավ ժամանակ. մենք դեռեւս ունենք: Առաջին Հանրապետությունը չկարողացավ կանգուն մնալ 20 թվականի պատերազմից հետո, մենք կանգուն ենք 20 թվականի պատերազմից հետո եւ կառուցում ենք մի հայրենիք-պետություն, որն այստեղ է եւ հիմա է, եւ մենք այլեւս չենք գնալու նոր հայրենիք փնտրելու, որովհետեւ մեր հայրենիքը մեր պետությունն է»:

Հարցը նույնն է՝ ո՞ւմ դեմ էր այդ պատերազմը, ո՞վ էր թշնամին, որ մեզ փորձում էր կոտրել, ինչո՞ւ Փաշինյանը դրա անունը չի տալիս, վախենո՞ւմ է, թե՞ այդպես են կարգադրել: Կարծում եմ՝ բոլորիս համար էլ պարզ են այս հարցերի պատասխանները:

Դժվար է պատկերացնել, որ օրերից մի օր Ռուսաստանի Դաշնությունը կամ այլ պետություն, խոսելով Հայրենական մեծ պատերազմի մասին, վերացական ինչ-որ արտահայտություններով դա անի և չնշի, որ միլիոնավոր մարդիկ պատերազմել ու զոհվել են ֆիշիստական Գերմանիայի դեմ պայքարում: Սա կնշանակի նսեմացնել, արհամարհել, պղծել այն մարդկանց արյունը, որ թափվել է կոնկրետ թշնամու դեմ պայքարում: Բայց Փաշինյանը թքած ունի թե՛ մեկ դար առաջ, թե՛ չորս տարի առաջ թափված հայի արյան վրա:

Այս տարիների ընթացքում նրա ուղերձները ամփոփող կեղծավոր`
 «Եվ ուրեմն՝ կեցցե՛ Ազատությունը,
Կեցցե՛ Հայաստանի Հանրապետությունը,
Կեցցե՛ Արցախի Հանրապետությունը,
Կեցցե՛ն Սարդարապատի, Բաշ-Ապարանի, Ղարաքիլիսայի հերոսները,
Կեցցե՛ն Առաջին Հանրապետության հիմնադիր հայրերը,
Եւ կեցցե՛նք մենք և մեր երեխաները, որ ապրում ենք և ապրելու ենք ազատ և երջանիկ Հայաստանում» ճզմվել, դարձել է՝ «Եվ կեցցե՛ն մեր երեխաները, որ ապրելու են Ազատ և Երջանիկ Հայաստանում»
...

Ինչպես նա է ճղմել ու մի բուռ դարձրել Հայաստանը, իսկ Արցախը օկուպացիայի հանձնել թշնամուն:

Պատմությունը միայն նրա համար չէ, որ այն կարդաս ու մոռանաս կամ փորձես մոռացության տալ: Պատմությունը դասեր քաղելու մասին է, հետևություններ անելու մասին է, արյան կանչը մշտապես հիշելու, այն չուրանալու մասին է: Սարդարապատում հաղթելով թուրքական բանակին՝ հայկական զորքերը կարողացան կասեցնել թուրքական ներխուժումն Անդրկովկաս և փրկել Հայաստանը լիակատար ոչնչացումից: Սարդապարատը կրկնվելու է՝ ներքին թուրքին ու դավաճաններին վռնդելու, արդար դատաստանին արժանացնելու ճանապարհով: Ու այդ օրը մոտ է:

Լիա Խոջոյան