Ի՞նչ սադրանքի մասին է ակնարկում Միրզոյանը

Ի՞նչ սադրանքի մասին է ակնարկում Միրզոյանը

«Հայաստան» խմբակցությունը երեկ հայտարարություն է տարածել՝ նշելով,որ Արցախ պատգամավորների մուտքի արգելքը դեռ չի վերացել։

Ըստ ամենայնի, մոտ օրերս չի էլ վերանալու։

Երեկ ԱԺ- կառավարություն հարցուպատասխանի ժամանակ, թեմային անդրադարձել է Հայաստանի ԱԳ նախարարը։

Ինչո՞ւ ռուս խաղաղապահներն արգելեցին Հայաստանի ընդդիմադիր պատգամավորներին Արցախ մտնել։ Ռուսական կողմը հրապարակային ոչինչ չի հայտարարել, բայց պարզաբանում ներկայացրել է Հայաստանի արտաքին գործերի նախարարին։ «Այո, ռուսական կողմից եղել է պարզաբանում, որ սադրանքներ կարող են տեղի ունենալ, և ահա այդ սադրանքներից Լեռնային Ղարաբաղը զերծ պահելու համար նրանց մուտքը նպատակահարմար չի դիտվում»,- ասել է Միրզոյանը։

Ի՞նչ սադրանքի մասին է ակնարկում Միրզոյանը։

Արդյո՞ք այն նույն սադրանքի, որի մասին ակնարկում էին նաև ՔՊ պատգամավորները, երբ տեղեկացան, որ «Հայաստան» ու «Պատիվ ունեմ» խմբակցությունների անդամները մեկնում են Արցախ։

ՔՊ խմբակցության ղեկավար Հայկ Կոնջորյանն անգամ ընդդիմադիր խմբակցության անդամներին անվանեց «պատերազմի մունետիկներ»։

Կարո՞ղ ենք ենթադրել, որ ռուսական խաղաղապահներն ընդդիմադիր պատգամավորներին Արցախ չեն թողել Երևանի խնդրանքով։ Սակայն այս պարագայում՝ առնվազն տարակուսելի է, որ Հայաստանի վարչապետն ու ԱԳՆ-ն հրապարակավ դատապարտեցին ռուսական խաղաղապահ առաքելության գործողությունները։

Եթե Հայաստանի պատգամավորների մուտքն Արցախ կասեցվել է Բաքվի հորդորով կամ ռուսական կողմի նախաձեռնությամբ, ապա պատկերը դարձյալ տխուր է։ Ստացվում է՝ Հայաստանի սուբեկտությունն այնպիսի անկում է ապրել, որ պաշտոնական Երևանն այլևս որևէ ազդեցություն չունի Արցախի շուրջ տեղի ունեցող անգամ տեխնիկական բնույթի գործընթացներում։

Վահրամ Բագրատյան