11 քաղաքացի վերակենդանացման բաժանմունքում է․ դեղորայքը դեռ բավականացնում է․ Ստեփանակերտի հիվանդանոցի տնօրեն

11 քաղաքացի վերակենդանացման բաժանմունքում է․ դեղորայքը դեռ բավականացնում է․ Ստեփանակերտի հիվանդանոցի տնօրեն

Արցախը մայր հայրենիքին կապող միակ ճանապարհը թշնամու կողմից փակ պահվելու ութերորդ օրն է։ Ճանապարհի փակ լինելը հումանիտար աղետի է վերածվել, խանութներում արդեն պարենի դեֆիցիտ է նկատվում, դիզվառելիք գրեթե չկա։ Հիվանդանոցներում էլ դեղորայքը սպառման եզրին է։

Այս պահին Ստեփանակերտի հիվանդանոցում իննսուն հիվանդ է բուժում ստանում, 11 հոգի վերակենդանացման բաժանմունքում է։

«Վերակենդանացման բաժանմունքում գտնվող քաղաքացիներին մեր միջոցներում կարողանում ենք սպասարկել, Հայաստան տեղափոխելու անհրաժեշտություն չկա, այստեղ ամեն ինչ ապահովում ենք»,- MediaHub.am-ի հետ զրույցում ասաց ԲԿ ղեկավար Մհեր Մուսայելյանը։ 

Հարցին, թե ի՞նչ վիճակում է քաղաքացին, որը սրտի բաց վիրահատության անհրաժեշտություն ուներ, Մուսայելյանը պատասխանեց՝ տանն է, սպասում է, որ ճանապարհը բացվի, կարողանան Երևան տեղափոխել։

«Այս պահին դեղորայքային բուժում է ստանում»,- ասաց Մուսայելյանը՝ հերքելով շրջանառվող լուրերը, թե հիվանդին տեղափոխում են Երևան։

Նարե Գնունի