2.5 տարվա լռություն, ՔՊ-ի հիստերիա. Քոչարյանի ասուլիսի գլխավոր մեխերը

Շուրջ 2.5 տարվա լռությունից հետո ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանն այսօր հանդես եկավ ասուլիսով: Ասուլիսը պահանջված էր, քանզի վերջին շրջանում իշխանությունը՝ 2026 թվականի ընտրություններին ընդառաջ, նորից դաշտ է նետել Մեղրին հանձնել-չհանձնելու թեման` հույս ունենալով, որ այս անգամ ևս «բոբո նախկինների» թեման կօգնի վերարտադրվել:
Ռոբերտ Քոչարյանը, բնականաբար, չէր կարող շրջանցել այդ թեման, և անգամ եթե ցանկանար, լրագրողները թույլ չէին տա: Ի դեպ, Մեղրիի թեմայով բազմաթիվ պարզաբանումներ եղել են նախորդ տարիներին էլ, բայց ապարդյուն: Տեսնենք՝ այս անգամ վերջակետ կդրվի՞, թե՞ ոչ:
Սակայն այն, որ ՔՊ-ականները՝ մեծից փոքր, կարևորից անկարևոր, դեռ ասուլիսը չվերջացած հիստերիկ ստատուսներ են գրում ու մեկնաբանություններ շռայլում սեփական քողի տակ աշխատող լրատվամիջոցներին վկայում է, որ Քոչարյանին ՔՊ-ն համարում է ակտոր, և հիմնական վախերը հենց երկրորդ նախագահի հետ են կապված:
MediaHub-ն առանձնացրել է Ռոբերտ Քոչարյանի ամենից ուշագրավ հայտարարությունները, որոնք ներկայացնում ենք ստորև`
«Մեղրիի թեման հիմա տաքացել է, որովհետեւ հիմա կա միջանցքի հարց, եւ իշխանությունը ուզում է անել այդ զիջումը»
«Կարելի է պարտվել պատերազմում, հնարավոր է, բայց եթե դու արդեն պարտվում ես քո ուղեղում, ոչ միայն պարտված ես պատերազմում, այլ արդեն չոքած ես, ապա դու այլևս վստահելի գործընկեր չես դիտվում»
«Մենք մի խնդիր ունենք, մենք միշտ մտածում ենք, որ մենք հայ ենք, ցեղասպանություն տեսած, բոլորը մեզ պարտք են: Այդպես չի լինում: Եթե դու քեզանից ոչինչ չես ներկայացնում, ոչ մեկ կողքդ չի կանգնելու»
«Եթե Ադրբեջանն ասում է՝ ճանապարհ, ուրեմն մենք շատ հանգիստ կարող ենք ասել՝ դա ընդամենը մեկ կետ է Եռակողմի մեջ, եթե դուք պատրաստ եք վերադարձին այդ հայտարարությանը, ապա նստենք, քննարկենք: Սա միակ տեղն է, որտեղից կարող ենք բռնել ու քննարկել արցախցիների վերադարձը: Հավանականությունը փոքր է, չափազանց փոքր, բայց մենք այն վիճակում ենք, որ անգամ փոքր հավանականությունը պետք է օգտագործենք»
«Լավ, Ադրբեջանը պահանջում է, դո՞ւ ինչի ես համաձայն»
«Այս իշխանությունը չի ուզում, որ ղարաբաղցիները վերադառնան Արցախ, խնդիրներ կառաջանան: Սկզբունք կա՝ нет людей, нет проблем»
«Այս իշխանությունն ամեն ինչ անում է, որ ղարաբաղցիները Հայաստանում էլ չմնան»
«Վազգեն Սարգսյանը տեղյակ էր բանակցային բոլոր մանրամասներից»
«Մենք հաղթած էինք, բայց ես Ադրբեջանի նկատմամբ անհարգալից վերաբերմունք չեմ ցուցաբերել»
«Տեր-Պետրոսյանին ասել եմ՝ ես վաղուց շեֆ չեմ ունեցել, կներես, որ քեզ շեֆ չեմ համարելու»
«Արայիկ Հարությունյանն իր հրաժարականի հարցը սկսել է քննարկել Ղարաբաղի անկումից մոտ 3 ամիս առաջ»
«Արայիկ Հարությունյանն անձամբ էր խնդրում, համոզում, որ իշխանությունը որևէ մեկը ստանձնի: Սամվել Շահրամանյանը միակը չէր, առնվազն երեք հոգու հետ Արայիկ Հարությունյանը անձամբ էր խոսում, համոզում: Չեմ ուզում հիմա անուններ տալ»
«Ես Սամվել Շահրամանյանին ընդհանրապես չէի ճանաչում: Ինձ խնդրել են իմ ընկերները Ղարաբաղում, որ այս մարդը համաձայնել է այս ծանր իրավիճակում պարտավորությունը ստանձնել, խնդրել են, որ անպայման շնորհավորեմ, աջակցություն ցուցաբերեմ: Այսօր այդ ամենը շահարկելն անբարոյականություն է»
«Այսպես եղավ, քանի որ Փաշինյանը կարծեց, թե ինքը կովկասյան Ռեմբո է, և կարող է անել այն, ինչ ուզում է: Ոչ մի թիզական «Ռեմբոն» դարձել է աշխարհաքաղաքական «Գիքոր»»
«Եթե Իրանի այդ դիրքորոշումը չլիներ, որ չի հանդուրժի սահմանների փոփոխություն, ապա Ալիևը որևէ խանգարող հանգամանք չէր ունենա: ՀՀ իշխանությունը կասեր՝ «դե, հիմա ի՞նչ անենք, հո չե՞նք կռվելու սարերի համար»»
«ԵՄ-ում մեզ չեն սպասում, զրոյական է անդամագրվելու հնարավորությունը: Կան խնդիրներ, ԵՄ-ն չի փլուզվելու, բայց ԵՄ-ն ստիպված է լինելու բավականին լուրջ բարեփոխումների ենթարկվել, և առաջինն անելու է այն, որ բոլոր անդամակցությունները ԵՄ-ին սառեցնելու է»
«Երկու աթոռի չես կարող նստել, քամակդ պիտի 3 մետրանոց լինի, բայց էդ էլ չունես»
«Եթե որեւէ մեկը մտածում է, որ կարելի է կոպտորեն անտեսել Ռուսաստանի շահերը, խիստ սխալվում է»
«Չեմ կասկածում, որ մոտ ապագայում վարչապետը կփոխի կոշիկները եւ կկանչի Ռուսաստանի Դաշնության նախագահին, կարծես, ոչինչ չի եղել, եւ կսկսի կենաց ասել դարավոր բարեկամության մասին, նոր երգ հնի մասին, բայց նստվածքը կմնա»
«Աշխարհը թեւակոխել է անկայունության փուլ, եւ այն կշարունակվի այնքան ժամանակ, քանի դեռ չի հասել հավասարակշռության»: