Երևանի՞, թե՞ «փողոցային» ավագանի

Ովքեր երեկ հետևել են Երևանի ավագանու նիստին, կանխատեսում էին, որ իքս պահի «Հանրապետություն» և «Մայր Հայաստան» խմբակցությունների անդամների ելույթային «փոխհրաձգությունը վերածվելու է վիճաբանության, ծեծկռտուքի:
Այդպես էլ եղավ. «Հանրապետություն» խմբակցության ղեկավար Անի Խաչատրյանի ելույթն ու դրան «Մայր Հայաստանի» ներկայացուցիչ Սոնա Աղեկյանի արձագանքը վիճակը դարձրեցին անվերահսկելի:
Վիճաբանություն, հայհոյանքներ, հրմշտոց, հարվածներ. այս խայտառակ տեսարաններով էր ուղեկցվում ավագանու երեկվա նիստը: Ընդ որում, ցավալի է արձանագրել, որ փողոցային «ռազբորկա» հիշեցնող այս գռեհիկ տեսարանի «խրամատներում» կանայք էին, որոնք փոխադարձաբար հնչեցնում էին սեռական հայհոյանքներ:
Հաշված րոպեների ընթացքում վարկաբեկվեց քաղաքային իշխանությունը, մյուս կողմից, համոզված ենք, որ հասարակության մեծամասնության համար չի կարող ընդունելի լինել այնպիսի մի ընդդիմություն, որի հատկանիշը ոչ թե քաղաքական այլընտրանքային բովանդակությունն է, այլ՝ փողոցային հայհոյանքը:
Երեկ ավելի խորքային խնդիրներ էլ բացահայտվեցին:
Տիգրան Ավինյանն ակնհայտորեն զուրկ է քաղաքական խարիզմայից, օժտված չէ առաջնորդի հատկանիշներով, ինչի հետևանքով մի քանի ժամ ավագանու նիստում հասունանում էր «ռազբորկան»:
Մյուս կողմից, ճգնաժամն ավելի խորքային է ու պայմանավորված չէ միայն Ավինյանի անձով:
Հնարավոր չէ Երևանում իրականացնել կայուն, լեգիտիմ կառավարում, եթե քաղաքային իշխանություն ձևավորած ՔՊ- «Հանրապետություն» կոալիցիան ավագանիում չունի մեծամասնություն:
Ստեղծված իրավիճակի, թերևս, ամենառացիոնալ լուծումը Երևանի ավագանու արտահերթ ընտրություններն են, ինչի մասին երեկ հայտարարեց ավագանու երկրորդ ուժի՝ «Ազգային առաջընթացի» փաստացի առաջնորդ Հայկ Մարությանը:
«Չի՜ կարող փոքրամասնության իշխանությունն արդյունավետ կառավարել (հիշեցնում եմ՝ ավագանու 65 անդամներից ընդամենը 32-ն են իշխանության ներկայացուցիչ, այսինքն՝ փոքրամասնությունը): Նրանք չունեն ո՛չ ֆորմալ, ո՛չ փաստացի լեգիտիմություն, ու այս պայմաններում խնդիրները գնալով ավելի ակնառու են դառնալու եւ ի վերջո, վնասելու են մեր քաղաքին։ Հետեւաբար, առաջարկս ուժի մեջ է՝ գնալ քաղաքային նոր ընտրությունների եւ կայուն իշխանություն ձեւավորել՝ հանուն մեր քաղաքի բնականոն զարգացման»,- ֆեյսբուքյան իր էջում գրել է Երևանի նախկին քաղաքապետը:
Վահրամ Բագրատյան