Փաշինյանին կապիտուլյացիա է պարտադրվում 

Փաշինյանին կապիտուլյացիա է պարտադրվում 

Նիկոլ Փաշինյանը հարցազրույց է տալիս Հայաստանի Հանրային հեռուստատեսությանն ու, ըստ էության, հայտարարում է, թե ընդունում է Ադրբեջանի բոլոր նախապայմանները: Նիկոլ Փաշինյանը գնում է ԱԳՆ և հույս է հայտնում, որ Ալիևը միտումնավոր չի ձգձգում բանակցությունները։

Սակայն Բաքուն ոչ միայն միտումնավոր ձգձգում է խաղաղության պայմանագրի ստորագրումը, այլ առաջ է քաշում կոշտ նախապայմաններ, որոնք ենթադրում են ոչ թե խաղաղություն, այլ Հայաստանի անվերապահ կապիտուլյացիա:

«Զորքերը սահմանից հետ քաշելու Երևանի առաջարկն անընդունելի է Բաքվի համար: Եթե զորքերը հետ քաշվեն, երբ սահմանի մասին համաձայնություն չկա, ով կարող է երաշխավորել, որ այնտեղ ոչինչ տեղի չի ունենա»,- ասել է Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովը:

Ավելի հեռուն է գնացել Ադրբեջանի նախագահի օգնական Հիքմեթ Հաջիևը, ով փաստացի փոխլրացրել ու ավելի է զարգացրել Բայրամովի միտքը:

«Ադրբեջանը մեծ խոչընդոտներ չի տեսնում հարևան Հայաստանի հետ կայուն խաղաղություն ապահովելու համար և կարծում է՝ սահմանների որոշման հարցը կարող է լուծվել առանձին։ Իսկ սահմանների սահմանազատման հարցը պետք է տարանջատվի խաղաղության պայմանագրի քննարկումից։ 35 տարի տևած հակամարտությունն այժմ ավարտված է։ Հիմա Ադրբեջանի ռազմավարությունը խաղաղության հասնելն է, որը պահանջում է երկու կողմերի գործողությունը»,- ասել է նա:

Դիվանագիտական շերտը եթե հանենք, ապա Ադրբեջանի նախագահի օգնականն ասում է՝ «խաղաղության թղթով զիջումներն արեք, հետո կմտածենք, թե ինչ տարածքի մասով ենք ձեզ «կադաստրի վկայական» տալիս»:

Վախենանք, որ Փաշինյանը սրան համաձայն է. նրա միակ խնդրանքն այն է, որ Բաքուն չպնդի փախստականների վերադարձի վրա:

Հայ- ադրբեջանական կարգավորման գործընթացը հասել է մի հանգրվանի, որի ցանկացած լուծում շոշափելու է Երրորդ հանրապետության հիմքերի վերանայման հարցը, ինչն իր հետ կարող է բերել տարածքային կորուստներ կամ ֆունկցիոնալ իմաստով՝ պետականության ճգնաժամ:

Սրա համար՝ «պարտական» ենք Նիկոլ Փաշինյանին:

Վահրամ Բագրատյան