Ակցիաները կշարունակվեն այնքան, քանի դեռ Կենտրոնի ոստիկանապետը չի ազատվել աշխատանքից․ փաստաբան

Մեր կողմից առաջ քաշված պահանջները չկատարելու դեպքում փաստաբանների բողոքի ակցիաները կլինեն շարունակական, այս անգամ արդեն մեծ թվով փաստաբաններ կմիանան․ MediaHub-ի հետ զրույցում այս մասին ասաց փաստաբան Վարազդատ Հարությունյանը։
Փաստաբանական համայնքի պահանջն է՝ դադարեցնել Կենտրոնի ոստիկանապետի եւ այն ոստիկանների լիազորությունները, ովքեր ենթադրաբար մասնակցել էին փաստաբան Կարեն Ալավերդյանի նկատմամբ բռնությանը։ Ալավերդյանը հունիսի 7-ին ոստիկանական բաժանմունքում բռնության էր ենթարկվել, երբ փորձել էր կանխել իր պաշտպանյալի նկատմամբ ոստիկանների բռնությունը։
Ավելի վաղ հայտարարված գործադուլի հետ մեկտեղ փաստաբաններն այսօր նաեւ բողոքի ակցիա են իրականացրել Ոստիկանության Կենտրոնի բաժանմունքի առջեւ։ Նրանք բռնցքամարտի ձեռնոցներ են «նվեր» տարել Կենտրոնի ոստիկանապետին։
Փաստաբանների ձեռքին կային պաստառներ՝ «ոչ բռնությանը», «բռնարարը ոստիկան չէ» գրություններով:
Վարազդատ Հարությունյանը հիշեցրեց, որ վերջերս բռնության դեպք էր տեղի ունեցել նաեւ փաստաբաններ Մարզպետ Ավագյանի ու Էմանուել Անանյանի նկատմամբ՝ Էրեբունու բաժանմունքում։
«Այս գործով արդեն 4 ամիս է քննությունը տեղից չի շարժվում, կարելի է ասել՝ չի իրականցվում։ Այսօր գլխավոր դատախազությունը հաղորդագրություն տարածեց, որտեղ ասվում է, որ գլխավոր դատախազը, որպես վերջին միջոց, հանձնարարել է գործի քննությունը քննչական կոմիտեից ուղարկել ԱԱԾ քննչական։ Սա մի քայլ է, բայց բավարար չէ, արդյունքները դեռեւս տեսանելի չեն։ Մենք գիտենք, որ երբ իշխանություններին պետք է լինում տարբեր գործերի քննություններ՝ մի քանի օրում են ավարտում։ Այս պարագայում արդեն 4 ամիս է 2 փաստաբանների գործը տեղից չի շարժվում»,-ասաց Հարությունյանը։
Հարցին՝ արդյո՞ք բողոքի ակցիաներին մասնակցող փաստաբանների նկատմամբ իշխանության կողմից ճնշումներ գործադրվում են, օրինակ ՔՊ-ական վստահորդների կողմից, Հարությունյանն ասաց, որ փաստաբանի աշխատանքը ազատ մասնագիտական գործունեություն է, փաստաբանն ինքն է որոշում իր վստահորդների ընտրության հարցը եւ որեւէ մեկը չի կարող ճնշել նրանց որեւէ հարցում։
«Այս իմաստով ես չեմ կարծում, որ կգտնվեն փաստաբաններ, որոնց վստահորդները կստիպեն իրենց կամքին հակառակ գործողությունների գնալ ու իրենց փաստաբանական համայնքի շահերի պաշտպանության համար դուրս չգան փողոց։ Իմ փաստաբան գործընկերների մասին ես շատ բարձր կարծիքի եմ եւ այս մեկ շաբաթից ավելի ձգվող պայքարի շրջանակներում էլ ավելի ամրապնդվեց իմ կարծիքը»,-ընդգծեց նա։
Լիա Սարգսյան