Ոստիկանները բերման են ենթարկել այգու տարածքում բազմահարկ շենք կառուցելու դեմ բողոքող քաղաքացիներին

«Երկիր Ծիրանի» կուսակցության լրատվական ծառայությունը հայտարարություն է տարածել, որում ասվում է․
«Այսօր՝ 2025 թվականի մարտի 7-ին, ժամը 16։00-ի սահմաններում, Երևան քաղաքի Արաբկիր վարչական շրջանի, Նաիրի Զարյան 11-13 փողոց հասցեում գտնվող նախկինում որպես այգի ծառայող, կանաչ տարածք հանդիսացող հողի վերաբերյալ բարձարահարկ շենք կառուցելու նպատակով «Երկիր Ծիրանի» կուսակցության նախագահ Զարուհի Փոստանջյանը մի խումբ քաղաքացիների հետ խաղաղ բողոքի ակցիա է իրականացրել նշված հասցեում։
Բողոքի ակցիայի ժամանակ եկել են մի խումբ ոստիկաններ տարբեր սպայական կոչումներով, ովքեր խոսել են ակցիայի մասնակիցների հետ, որից հետո ակցիան ավարտվել է։ Ժամը 18։00-ից հետո տեղեկացել ենք, որ ոստիկանները բերման են ենթարկել խաղաղ ակցիա իրականացնող քաղաքացիներից մի քանիսին, որոնք նախնական տվյալներով տեղափոխվել են ոստիկանության Արաբկիրի բաժին։
Այս պահին նշված հասցեի հարակից շենքի բնակիչները գնում են ոստիկանության Արաբկիրի բաժին պարզելու թե ինչո՞ւ են բերման ենթարկել քաղաքացիներին»։