Խաղաղության պայմանագիրը կստորագրվի 3+3 ձևաչափի շրջանակներում․ Բալասանյան

Խաղաղության պայմանագիրը կստորագրվի 3+3 ձևաչափի շրջանակներում․ Բալասանյան

Նիկոլ Փաշինյանը երկօրյա աշխատանքային այցով մեկնել է Ռուսաստանի Դաշնություն և դեկտեմբերի 25-ին Սանկտ Պետերբուրգում կմասնակցի Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի նիստին, իսկ դեկտեմբերի 26-ին՝ ԱՊՀ ոչ պաշտոնական գագաթնաժողովին: 

Ամիսներ անց ի վերջո տեղի կունենա հանդիպում ռուսական կողմի հետ, գուցե նաև առանձին հանդիպում ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ և գուցե այն նեղացվածության ֆոնը, որ նկատվում էր ՌԴ պաշտոնյաների կողմից ՀՀ նկատմամբ, տեղի կտա: Թեև նույն իշխանությունը հայտարարում է, որ հարցեր ունի ՀԱՊԿ-ի մասով, միևնույն ժամանակ ԵԱՏՄ-ին արժանացնելով գովեստի խոսքերի՝ ՀՀ տնտեսությունը զարգացնելու համար։ 

Ի՞նչ զարգացումների սպասել, արդյոք տեղի կունենա Պուտին-Ալիև-Փաշինյան եռակող հանդիպում, ինչ սպասել խաղաղության պայմանագրի մասով։ Այս և այլ հարցերի շուրջ MediaHub-ը զրուցեց քաղաքագետ Գրիգոր Բալասանյանի հետ։

«Մեկնելով ՌԴ Փաշինյանը ցույց տվեց, որ ՀԱՊԿ-ի հետ խնդիր չունի, այսինքն՝ հնարավոր չէ ԵԱՏՄ-ի հետ խնդիր չունենալ, բայց ՀԱՊԿ-ի հետ ունենալ, քանի որ երկուսն էլ մեկ ընդհանուր համակարգի բաղադրիչներն են»,- նախևառաջ նշեց նա։

Ըստ Բալասանյանի, հայ-ռուսական հարաբերությունների մասին ինքը միշտ ասել է, որ ՀՀ-ում չի կարող լինել մի իշխանություն, որն ընգծված կտանի հակառուսական քաղաքականություն, որովհետև շատ հազարավոր թելերով ենք մենք կապված ու հնարավոր չէ այդ թելերը մեկ որոշմամբ կտրել։

Քաղաքագետի խոսքով՝ կարող է լինել նեղացվածություն, դժգոհություն, դա միջազգային հարաբերություններում նորմալ երևույթ է, ամեն բան էլ պատահում է։ Ինչ վերաբերում է եռակողմ հանդիպման անցկացմանը, ապա վստահություն հայտնեց, որ այն լինելու է և կլինի պայմանագրի ստորագրման վճռական քայլերից մեկը:

«Կարծում եմ դրանից հետո գործընթացը շատ ավելի արագ կգնա։ Այս քայլով ամեն դեպքում փորձ կարվի վերջնական հրաժարվել արևմտյան հարթակներից և հարցը քննարկել 3+3 ձևաչափում և Ռուսաստան-Հայաստան-Ադրբեջան եռանկյունու տրամաբանությամբ։ Ես միշտ ասել եմ, որ խաղաղության պայմանագիրը կստորագրվի ոչ թե ռուսական հարթակում, այլ 3+3 ձևաչափի շրջանակներում, այսինքն ցանկացած պայմանագիր, որ կստորագրվի ոչ այս ձևաչափում, չի արժանանա տարածաշրջանային պետությունների հավանությանը, այդ պայմանագիրը կյանքի չի կոչվի»,- եզրափակեց Բալասանյանը։ 

Նշենք, որ հոկտեմբերին ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը հայտարարել էր, որ «3+3» ձևաչափով հաջորդ հանդիպումը կկայանա Թուրքիայում՝ 2024 թվականին: 

Մարիա Զարգարյան