Փաշինյանը «հեռանում» է ՔՊ-ից

Փաշինյանը «հեռանում» է ՔՊ-ից

Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ երեկ տեղի է ունեցել Անվտանգության խորհրդի հերթական նիստը:

Նիստի սկզբում վարչապետ Փաշինյանը նշել է. «Մինչ օրակարգի հարցերին անցնելը, ուզում նաև տեղյակ պահել, որ այսօր Հանրապետության նախագահի հետ էլ ենք քննարկել այդ հարցը և փոխվարչապետի պաշտոնում կնշանակվի Տիգրան Խաչատրյանը, ով մինչ այժմ զբաղեցնում էր Ֆինանսների նախարարի պաշտոնը: Ֆինանսների նախարարի պաշտոնում կնշանակվի Վահե Հովհաննիսյանը, ով զբաղեցնում է Ֆինանսների նախարարի տեղակալի պաշտոնը»:

Օրվա ընթացքում կադրային այս նշանակումները շատ արագ տեղի ունեցան:

Ինչի՞ մասին են խոսում կադրային այս որոշումները:

Մխիթարական է, թերևս, այն, որ այս անգամ թափուր պաշտոններն ամիսներով դատարկ չմնացին, ու Փաշինյանն արագ լուծումներ գտավ թե՛ փոխվարչապետի, թե՛ ֆինանսների ու կրթության նախարարների մասով:

Մյուս կողմից, կադրային՝ տեխնիկական թվացող, նշանակումները խորքային ենթատեքստ ունեն:

Տիգրան Խաչատրյանը, Վահե Հովհաննիսյանը, Ժաննա Անդրեասյանն, ըստ էության, կապ չունեն ՔՊ քաղաքական թիմի հետ:

Պատճառները, թերևս, երկուսն են:

Մի կողմից, ՔՊ կադրային բանկն աղքատիկ է ու այս իրավիճակն, ինչ-որ իմաստով, օրինաչափ է, մյուս կողմից՝ տեսանելի է, որ Փաշինյանը ՔՊ տարբեր թևերի հանդեպ վարում է, այսպես կոչված, հավասար հեռավորության քաղաքականություն: Այս միտումը հատկապես դրսևորվում է կուսակցության վերջին համագումարից հետո, երբ կուսակցական «ֆրակցիաների» գզվռտոցը հասավ գագաթնակետին:

Երկրորդ վարկածի օգտին խոսում է հատկապես փոխվարչապետի նշանակումը:

Հեղափոխությունից հետո, երկու փոխվարչապետներից մեկի պաշտոնը միշտ վերապահվել է քաղաքական թիմի անդամին:

Հիմա այդ ավանդույթը խախտվեց: Տրվել է «ապաքաղաքական» իշխանության փուլը:

 

Վահրամ Բագրատյան