ՔՊ-ն «կադրային ջարդի» միջոցով ԱԻՆ-ը համալրելու է «յուրայիններով»

2018թ.-ից սկսած ՔՊ-ն որդեգրել է պետական կարևորագույն ինստիտուտները դիլետանտ կադրերով, «քայլիստներով» համալրելու աղետալի կադրային քաղաքականությունը: Այս անգամ «կադրային ջարդ» է սկսվել ԱԻՆ-ի պես կարևոր ուժային կառույցում:
«Նախկինների» օրոք ԱԻՆ-ը պրոֆեսիոնալներով համալրված, կուռ կառույց էր, որտեղ գնահատվում էին աշխատակիցների մասնագիտական որակներն, այլ ոչ թե կուսակցական պատկանելիությունը կամ որևէ քաղաքական թիմին հարելու փաստը:
Այսօր ԱԻՆ-ում սկսել են ազատվել պրոֆեսիոնալ կադրերից՝ առանց որևէ հիմնավորման՝ տարիների փորձ ունեցող կադրերը հայտնվում են դրսում՝ հավանաբար ՔՊ-ն ցանկանում է այդ կառույցը նույնպես համալրել «յուրայիններով»:
Տասնամյակներով ստեղծված կառույցները, ինստիտուտները քանդելը ՔՊ-ի մոտ շատ հեշտ է ստացվում՝ ավելի դժվար է ստեղծել ԱԻՆ-ի պես կառույց, որոնք ամենօրյա ռեժիմով ՀՀ քաղաքացիների կողքին են:
ԱԻՆ-ում, իհարկե, ամեն կերպ հերքելու են «կադրային ջարդի» փաստը՝ դա հիմնավորելով «աշխատակիցները դուրս են եկել համակարգից` իրենց դիմումի համաձայն» ձևակերպմամբ: Աշխատանքից ազատվում են հիմնականում ղեկավար պաշտոններում գտնվողները՝ հավանաբար ՔՊ-ն ցանկանում է «ծանոթ-խնամի-բարեկամ» բանաձևով ԱԻՆ-ի պես կարևոր ուժային կառույցը համալրել անփորձների հերթական «բանակով»:
Պետության և ժողովրդավարական արժեքների մասին ամեն օր խոսող ՔՊ-ականներն ու նրանց ղեկավարը պետք է կադրային քաղաքականության անկյունաքար դարձնեն, ոչ թե իրենց հետ Գյումրիից քայլելու հանգամանքը կամ կուսակցական պատկանելիությունը, այլ մասնագիտական որակները: ԱԻՆ-ը այն կառույցն է, որտեղ հավաքված են եզակի կադրեր՝ բարդ է փողոցից գտնել այն մասնագետներին, ովքեր շատ համեստ աշխատավարձով կանեն այն աշխատանքը, որը տարիներ շարունակ անում են ԱԻՆ-ում աշխատող իրական նվիրյալները:
Վահրամ Բագրատյան