Ինչ է ասել Սամվել Բաբայանը նիստում, Դատարաններ դիմելու համար վճարվող պետական տուրքերը կբարձրացվեն․ Մամուլը՝ սուրճով

Ինչ է ասել Սամվել Բաբայանը նիստում, Դատարաններ դիմելու համար վճարվող պետական տուրքերը կբարձրացվեն․ Մամուլը՝ սուրճով

«Հրապարակ» օրաթերթը գրում է․ 44-օրյա պատերազմի հանգամանքները քննող հանձնաժողովի նիստում երեկ հյուրընկալվել էր Արցախի անվտանգության խորհրդի քարտուղար Սամվել Բաբայանը, ով ինքն էր ցանկություն հայտնել ներկայանալու: Նա շուրջ 3 ժամ խոսել է` ցուցմունք տալով Սամվել Շահրամանյանի դեմ, եւ փորձել է ՔՊ-ականներին համոզել, որ Շահրամանյանն Արցախի նախկին նախագահների եւ Դաշնակցության միջոցով Արցախում ծրագրված իշխանափոխություն է իրականացրել, որ այն հանձնեն, իսկ հետագայում նաեւ Հայաստանում իշխանափոխություն իրականացնեն։ Սակայն պայմանավորվել են, որ նիստից մանրամասներ չհանրայնացնեն:

Նիստից հետո Սամվել Բաբայանի` լրագրողների հետ ճեպազրույցում ասածներից էլ էր զգացվում նրա բացասական վերաբերմունքը Շահրամանյանի նկատմամբ: Նա հայտարարեց, որ վերջինս ամեն օր զանգում է Բաքու, խոսում է, բանակցում է՝ արցախցիների վերադարձի հարցով: 

Եվ ասաց, որ իրեն այդ մասին պատգամավորներն են պատմել, որոնց անձամբ Շահրամանյանն է ասել, սակայն պատգամավոր Մետաքսե Հակոբյանը մեզ հետ զրույցում հերքեց դա. «Ես ամենայն պատասխանատվությամբ ասում եմ՝ Արցախի նախագահը նման բան չի ասել մեզ, ես առաջին անգամ եմ լսում, որ նման բան իբր եղել է։ Ես չեմ ուզում ինձ թույլ տալ եւ ասել, որ Սամվել Բաբայանը ստում է, որովհետեւ եթե լիներ` հերքելու խնդիր չկար, շատ նորմալ կլիներ, որ Արցախի նախագահն ինչ-որ գործընթացներ իրականացներ, որը թույլ կտար մարդկանց իրենց տներ վերադարձնել»: «Այս իրավիճակում էլ փորձում են պառակտել արցախցիներին, այդ մարդու վերջին 3 տարվա գործողությունները միտված են եղել հենց դրան»,- կարծում է Հակոբյանը:

«Փաստ» օրաթերթը գրում է. Նախօրեին «Հայաստանի էներգետիկայի բնագավառի ներկան և ապագան» խորագրով համաժողովի ընթացքում ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանը արել է մի շարք ձևակերպումներ՝ կապված ՀԷՑ-ի հետ: Մասնավորապես, Վահագն Խաչատուրյանը նշել է, որ էլեկտրաէներգետիկական շուկայի ազատականացման հարցում նախկին մենաշնորհ կազմակերպության, այսինքն՝ «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերության կողմից կա դիմադրություն, և որ այն փորձում է խոչընդոտներ ստեղծել համակարգի համար։

Նման որակումների հետ կապված մեկնաբանությունների համար «Փաստը» դիմեց ՀԷՑ-ին, որտեղից ի մասնավորի պատասխանեցին. «Նախ՝ էլեկտրաէներգետիկական շուկայի ազատականացումը «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերության գործառույթներին որևէ կերպ չի խոչընդոտում, քանի որ ընկերությունն իր հիմնական սակագնային մարժան ստանում է էլեկտրաէներգիայի բաշխման գործառույթի համար, ուստի շուկայում մատակարար ընկերությունների քանակը ՀԷՑ-ի ֆինանսական արդյունքների վրա որևէ ազդեցություն չունի։

Ավելին, էլեկտրաէներգիայի բաշխման գործունեությունը դասվում է բնական մենաշնորհի դասին, ինչը նշանակում է, որ տնտեսության այդ ճյուղում մրցակցությունը տեխնիկապես կա՛մ անհնար է, կա՛մ տնտեսապես ոչ արդյունավետ։ Նշվածի վկայությունն է աշխարհի գրեթե բոլոր պետություններում էլեկտրաէներգիա բաշխող ընկերությունների բնական մենաշնորհի կարգավիճակը և նրանց նկատմամբ պետական կարգավորման իրականացումը (այդ թվում՝ սակագնային քաղաքականությունը)։ Հավելենք նաև, որ «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերությանը, որպես էլեկտրաէներգետիկական բնագավառում էլեկտրաէներգիայի բաշխման բնական մենաշնորհի կարգավորվող սուբյեկտ, ցանկացած տնտեսական գործունեություն, որը կարող է ազդեցություն ունենալ էլեկտրաէներգիայի սպառման ծավալների ավելացմանը, միայն տնտեսապես օգտակար է, ուստի անհասկանալի կլինի սահմանափակել կամ խոչընդոտել որևէ գործունեությանը, որը կարող նպաստել թե՛ մեր ընկերության շահութաբերությանը, թե՛ նշվածի արդյունքում պետությանը վճարվելիք հարկերի ծավալների ավելացմանը։

ՀԷՑ-ը մեր երկրի էլեկտրաէներգետիկ համակարգի կարևորագույն օղակներից մեկն է, որը միշտ կողմ է տնտեսական մեխանիզմների արդյունավետացմանը: Ցանկացած որոշում, նոր պայմանի ստեղծում, որը բերում է զարգացման, չի կարող դիմադրության արժանանալ ընկերության կողմից, հակառակը՝ մենք միշտ առաջընթացի կողմնակից ենք: «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերությունը շարունակում է մնալ երաշխավորված մատակարար և լուծել իր առջև դրված խնդիրներն ու, որպես բաշխիչ ընկերություն, կատարել իր պարտականությունները»:

Հաջորդ հարցը, որին անդրադարձել է Վահագն Խաչատուրյանը, էլեկտրամոբիլների լիցքավորման կետերի հետ կապված խնդիրներն են՝ ՀԷՑ-ի՝ սահմանափակումներ ստեղծող կարգավորումների պատճառով:

Այս թեմայի հետ կապված՝ ՀԷՑ-ից նշեցին հետևյալը. «Համաձայն գործող կարգի, որևէ առանձնացված մոտեցում էլեկտրամոբիլների լիցքավորման կետերի՝ էլեկտրական ցանցին միանալու համար գոյություն չունի: Ինչպես ցանկացած այլ օբյեկտ, որի սպառման համակարգն անհրաժեշտ է միացնել ցանցին, էլեկտրամոբիլների լիցքավորման կայանները նույնպես համապատասխան փաստաթղթերով դիմում են ներկայացնում Ընկերության սպասարկման ցանկացած կենտրոն և սահմանված ժամկետում և սահմանված կարգով միանում էլեկտրական ցանցին: Եթե արդեն գործող բաժանորդի մոտ առկա սահմանված հզորությունը չի բավարարում իր սեփականություն հանդիսացող տարածքներում էլեկտրամոբիլների լիցքավորման կայանի միացման համար, ապա նույն կարգով անհրաժեշտ է դիմել ընկերությանը՝ լրացուցիչ հզորություն ստանալու համար: Վերը նշված հարցերը կարգավորվում են ինչպես օրենքով, այնպես էլ ՀԾԿՀ-ի կողմից սահմանված նորմատիվ իրավական ակտերով, հետևաբար ՀԷՑ-ի նախասիրությունների հետ որևէ առնչություն չունեն»:

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. Հաջորդ շաբաթ ՔՊ-ական պատգամավորները կհավաքվեն՝ խմբակցության նիստի: ArmLur.am-ը գրել էր, որ հաջորդ շաբաթ Նիկոլ Փաշինյանը եւ նախարարները գնալու են ԱԺ՝ եկող տարվա բյուջեի նախագծի քննարկմանը մասնակցելու:

«Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ դեկտեմբերի 5-ին մեկնարկելիք Աժ նստաշրջանից առաջ՝ երկուշաբթի երեկոյան, ՔՊ-ականները հավաքվելու են, որպեսզի պատրաստվեն Նիկոլ Փաշինյանին դիմավորելու:

Իշխանական պատգամավորները որոշելու են՝ որ նախագծին ինչպես են քվեարկելու, վարչապետին ինչ հարցեր են ուղղելու, եւ, որ ամենակարեւորն է, ինչպես են անցկացնելու բյուջեի նախագծի քննարկումը եւ քվեարկությունը, որպեսզի միջադեպեր չլինեն:

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. Հաջորդ շաբաթ ՔՊ-ական պատգամավորները կհավաքվեն՝ խմբակցության նիստի: ArmLur.am-ը գրել էր, որ հաջորդ շաբաթ Նիկոլ Փաշինյանը եւ նախարարները գնալու են ԱԺ՝ եկող տարվա բյուջեի նախագծի քննարկմանը մասնակցելու:

«Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ դեկտեմբերի 5-ին մեկնարկելիք Աժ նստաշրջանից առաջ՝ երկուշաբթի երեկոյան, ՔՊ-ականները հավաքվելու են, որպեսզի պատրաստվեն Նիկոլ Փաշինյանին դիմավորելու:

Իշխանական պատգամավորները որոշելու են՝ որ նախագծին ինչպես են քվեարկելու, վարչապետին ինչ հարցեր են ուղղելու, եւ, որ ամենակարեւորն է, ինչպես են անցկացնելու բյուջեի նախագծի քննարկումը եւ քվեարկությունը, որպեսզի միջադեպեր չլինեն:

«Հրապարակ» օրաթերթը գրում է. Արդարադատության նախարարությունը հանրային քննարկման է ներկայացրել «Պետական տուրքի» մասին օրենքում փոփոխությունների նախագիծ, որով բարձրացվում են դատարաններ դիմելու համար վճարվող պետական տուրքերը։ Նախագծով առաջարկվում է գործը պարզեցված վարույթի կարգով քննելու դեպքում` դրամական պահանջով հայցադիմումի համար օրենքով սահմանված տուրքի վերին շեմը՝ բազային տուրքի 1.5-ապատիկը դարձնել հնգապատիկ: Այսինքն՝ եթե դատարան հայցադիմում ներկայացվի, որում առկա է դրամական պահանջ, ապա պետք է վճարվի պետական տուրք` հայցագնի 2 տոկոսի չափով, բայց այն չի կարող պակաս լինել 5 հազար դրամից՝ նախկին 1500 դրամի փոխարեն։ Օրինակ, եթե անձը դատական կարգով պահանջի 10 հազար դրամ, ապա պետք է 5 հազար դրամ պետական տուրք վճարի։

Պետական տուրք է սահմանվում նաեւ պայմանագրի վավերությունը վիճարկելու պահանջի գործերով՝ պայմանագրի հայցագնի 4 տոկոսի չափով, որը չի կարող պակաս լինել 15 հազար դրամից եւ չի կարող ավել լինել 15 մլն դրամից։ Այսինքն՝ եթե պայմանագիրը խոշոր գումարի, ասենք, 375 միլիոնի մասին է, ապա դատարան դիմողը պետք է 15 մլն պետտուրք վճարի։