Հետաքրքիր է, Արսեն Թորոսյանը կոռուպցիան մերժո՞ւմ է, թե՞ կոնկրետ  որոշման պատճառով դեմ կքվեարկի․ Հայկուհի Հարությունյան 

Հետաքրքիր է, Արսեն Թորոսյանը կոռուպցիան մերժո՞ւմ է, թե՞ կոնկրետ  որոշման պատճառով դեմ կքվեարկի․ Հայկուհի Հարությունյան 

Ազգային ժողովի հերթական նստաշրջանում խորհրդարանն ընտրելու է Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի միանգամից երկու անդամի, որոնցից մեկը հանձնաժողովի գործող նախագահ Հայկուհի Հարությունյանն է, մյուսը՝ նույն հանձնաժողովի վարչության պետերից մեկը՝ Նարինե Ավետիսյանը։ 

Համաձայն նոր կարգի, սակայն, հանձնաժողովի անդամները այլևս չեն ներկայացվելու քաղաքական խմբակցությունների կողմից, այլ նրանց ընտրելու են ԱԺ-ում ձևավորված ընտրիչները, որից հետո նոր թեկնածությունները ներկայացվելու են ԱԺ լիագումար նիստին։ 

Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի նախագահ Հայկուհի Հարությունյանը Mediahub-ի հետ զրույցում ասաց, որ իր սրտով չէ ընտրության այս մոդելը, ինքը կցանկանար, որ հանձնաժողովի անդամներն ընտրվեին նախկին մոդելով, ինչպես ինքն է ընտրվել 2019-ին՝ առաջադրված լինելով այն ժամանակ ընդդիմադիր «Լուսավոր Հայաստան» խմբակցության կողմից։ 

Նա երկար-բարակ ու բարդ ձևակերպումներով ներկայացրեց, թե ինչու է ինքը դեմ նոր մոդելին և որ ճիշտը քաղաքական ուժի կողմից առաջադրված լինելն է, որպեսզի նաև տվյալ քաղաքական ուժը պատասխանատվություն ստանձնի իր ընտրության համար։

«Եթե մենք խուսափում ենք քաղաքականացվածությունից, հիմա ստացվում է, անխուսափելիորեն էս պրոցեսը կոնկրետ մեկ քաղաքական ուժի ձայների արդյունքում է արժանացվում հավանության, ինչը նույնպես քաղաքական է։ Իսկ նախկինում գոնե, բազմազանության տեսանկյունից, ԱԺ-ում ներկայացված քաղաքական ուժերն իրենց թեկնածուին առաջադրելու հնարավորություն ունեին։ Եվ դա էդ նույն կոռուպցիայի կանխարգելման օրակարգի ուրջ նաև քաղաքական էդ համերաշխությունը ձևավորելու միջոց էր»,- ասաց նա։

Ապա ավելացրեց, որ ինքն իսկապես ավելի պաշտպանված կլիներ, որ բոլոր քաղաքական ուժերի քվեարկությունը պարտադիր դառնար, որովհետև դա, իր խոսքով, բայց Փաշինյանի բառապաշարով ասած, «պողպատե մանդատ» է։ Այն իմաստով, որ այդ դեպքում արդեն բոլոր ուժերը, թեկուզև մնացած հնարավոր թերությունների մասով, կոռուպցիայի նկատմամբ պայքարն ու դրա անհանդուրժողականությունը հավաստում են։ 

«Մեկ էլ, ցավոք սրտի, Ազգային ժողովում էդ քվեարկությունը փակ է, և էստեղ պատասխանատվության տեսանկյունից նաև հնարավոր չի լինելու տեսնել և նույնանակացնել՝ որ մարդիկ են, որ դեմ են։ Էնտեղ մարդիկ կան, որ ինձ էլ է հետաքրքիր՝ իրենք իսկապե՞ս կոռուպցիան անհանդուրժող երևույթ են համարում, թե՞ չէ։ Մեր առաջին վարույթը եղել է Արսեն Թորոսյանի նկատմամբ շահերի բախման մասով։ Ես  հանձնաժողովի միակ անդամն եմ եղել, որ դեմ եմ եղել, որ այդտեղ կա շահերի բախում, երբ Արսեն Թորոսյանի կինը ամենամեծ պայմանագրերից մեկն էր ստացել առողջապահության նախարարությունից։ Հիմա ինձ շատ հետաքրքիր կլիներ՝ կոնկրետ Արսեն Թորոսյանն այս երևույթն իսկապես որպես իշխող ուժի ներկայացուցիչ մերժո՞ւմ է, թե՞ ինքը, հիշելով դա, նաև կոնկրետ էդ որոշման պատճառով ինձ դեմ կքվեարկի»,- ասաց Հայկուհի Հարությունյանը։ 

-Դուք խոսում եք կոռուպցիայի դեմ պայքարից, բայց Նիկոլ Փաշինայնը վերջերս կառավարության նիստին խոսում էր, որ կոռուպցիան վխտում է Հայաստանում, ամենուրեք կոռուպցիա կա, այսինքն՝ այն, որ կոռուպցիան իբրև թե արմատախիլ էր արվել Հայաստանում, այդքան էլ այդպես չէ՝ մի բան էլ ծիլեր է տվել։ Ըստ Ձեզ՝ ո՞ւմ էր ուղղված այդ ակնարկը, կարո՞ղ է նաև Ձեզ էր ուղղված, որ լավ չեք աշխատում։
 -Մի քիչ տենց չեմ ուզենա ուղիղ էդ հարվածը վերցնել ինձ վրա, ասեմ՝ ինչու, որովհետև, եթե գնանք այլ ելույթի էլ հղում անենք, տարվա սկզբում, երբ կոռուպցիայի ընկալման ինդեքսը հրապարակվեց, հենց կառավարության նիստին ինձ հրավիրել էին, որպեսզի ես դա ներկայացնեմ, ու ես դա հստակ ներկայացրել եմ, թե որն է այդ ինդեքսի նվազման պատճառը։ 

-Ձեր աշխատանքի թերացման խնդիրը չկա՞ այստեղ, թե՛ ինդեքսի նվազման առումով, թե՛ Հայաստանում կոռուպցիայի վերաբերյալ ընկալումների, նվազման փոխարեն աճի մասով և ոչ միայն։ 
-Չէ, այդ մասով կարծում եմ՝ ես տարբերվող մոտեցում ունեմ, էստեղ խնդիրն այն է, որ ոչ թե կոռուպցիան Հայաստանում աճել է, այլ կոռուպցիայի վերաբերյալ խոսույթը մեծ տարածում է ստացել։ 

-Այսինքն՝ ավելի շատ խոսո՞ւմ են, քան իրականում կա։
-Չէ, չէ, բացարձակ նրա մասին չէ, որ չկա, բայց խոսում են, այլ եղածի մասին ավելի շատ են խոսում, հետևաբար երևույթի տարածվածությունը թվում է, թե ավելին է, քան նախկինում էր։ Բայց իրականում էդպես չի։ Իրականում եղածի մասին շատ են խոսում, ու դա շատ լավ է, ու դա հենց այն է, ինչի ուղղությամբ մենք ենք աշխատում։ Եթե ես էդ ձևով մեր գործունեությունը գնահատեմ, պիտի ասեմ՝ էդ նշանակում է, որ եթե նախկինում նույն շահերի բախման, այ էդ գնումների և մնացած ոլորտների հետ կապված հարցերը էդ հաճախականությամբ և էդ ուժգնությամբ չէին ներկայացվում, հիմա ներկայացվում են։ Որովհետև դրա իրազեկման և դա ճանաչելի դարձնոելու ուղղությամբ մենք էլ աշխատանքների տեսանկյունից հսկայական բան ենք արել։ 

Վահե Մակարյան