Խնդիր ունենք Արցախի իշխանության հետ, Արայիկ Հարությունյանի հրաժարականը մեր օրակարգում է. Հակոբյան

Խնդիր ունենք Արցախի իշխանության հետ, Արայիկ Հարությունյանի հրաժարականը մեր օրակարգում է. Հակոբյան

Ո՛չ դեմ ենք եղել, ո՛չ էլ ճնշել ենք Դավիթ Իշխանյանին՝ ընդունել Արայիկ Հարությունյանի՝ ԱԺ նախագահի պաշտոնը ստանձնելու առաջարկը․ MediaHub-ի հետ զրույցում ասաց Արցախի ԱԺ ընդդիմադիր պատգամավոր Մետաքսե Հակոբյանը՝ պատասխանելով հարցին, թե արդյո՞ք ընդդիմադիր պատգամավորները կողմ են եղել Հայ Հեղափոխական Դաշնակցության Արցախի կենտրոնական կոմիտեի ներկայացուցիչ, Արցախի Ազգային ժողովի «ՀՅԴ» խմբակցության պատգամավոր Դավիթ Իշխանյանի Արցախի ԱԺ նախագահ դառնալու հանգամանքին։ 

«Խորհրդարանական 3 ընդդիմադիր ուժերի մեջ անկեղծ քննարկում է տեղի ունեցել։ Վերլուծել ենք իրավիճակը, իհարկե վերջնական որոշումը թողել ենք Իշխանյանին։ Մենք ո՛չ դեմ ենք եղել, ո՛չ էլ հատուկ ճնշում ենք գործադրել, որ Դավիթ Իշխանյանն ընդունի այդ առաջարկը»,-ասաց նա։ 

Մետաքսե Հակոբյանն ասաց, որ անակնկալ է եղել իրենց համար Արայիկ Հարությունյանի կողմից ՀՅԴ-ական Դավիթ Իշխանյանին՝ ԱԺ նախագահի պաշտոնին առաջադրելու առաջարկը․

«Չնայած բոլորս էլ այն կարծիքին էինք, որ փոփոխություններ պիտի լինեն ոչ միայն ԱԺ-ում»։ 

Սակայն այս հանգամանքը, ըստ Հակոբյանի, ընդդիմությանը չի կաշկանդում պահանջել Արայիկ Հարությունյանի հրաժարականը.

«Մենք այսօր խնդիր ունենք Արցախի Հանրապետության իշխանության հետ, եւ Արայիկ Հարությունյանի հրաժարականը եւս մեր օրակարգում է։ Երկրի նախագահը՝ մեկնաբանելով Իշխանյանին արված առաջարկը, ասել է, որ այն Դաշնակցությանը չի տրվում, այլ կոնկրետ առաջարկվում է Դավիթ Իշխանյանին։ Մենք ընդդիմադիր ուժերով հանդիպում ենք ունեցել, քննարկել Իշխանյանին արված առաջարկը․ փորձել ենք հասկանալ, թե ինչ նպատակներ է հետապնդում Արայիկ Հարությունյանը՝ իր տեսակին լավ ծանոթ լինելով։ Ի վերջո, հասկանալի է, որ եթե սա հերթական խորամանկ քայլն է նրա կողմից, պարոն Իշխանյանը որեւէ կերպ սահմանափակված չէ ԱԺ նախագահի պաշտոնից հրաժարվելու համար։ Մենք հնարավորություն ունեցանք ընտրություն կատարելու, որն արդեն իսկ լավ է։ Այն բոլոր կեղծ թեզերը, որ Արցախում հնարավոր չէ ընտրություն կատարել, մենք այս քայլով կարողացանք ապացուցել, որ այդպես չէ, մենք պետություն ենք, ունենք պետականություն»,- նշեց նա։

Հիշեցնենք, ԱԺ նախագահ Արթուր Թովմասյանը հրաժարական էր տվել հուլիսի 29-ին: Օգոստոսի 7-ին Արցախի Ազգային ժողովի նախագահ ընտրվեց ՀՅԴ խմբակցության անդամ Դավիթ Իշխանյանը։

Լիա Սարգսյան