Կրակմարիչ և դեղատուփ հայտնաբերելու համար ուժեղացված ծառայություն չկա նախատեսված․ ՆԳՆ 

Կրակմարիչ և դեղատուփ հայտնաբերելու համար ուժեղացված ծառայություն չկա նախատեսված․ ՆԳՆ 

Համացանցում, մասնավորրապես՝ ֆեյսբուքյան որոշ խմբերում երեկվանից ինչ-որ լուրեր են տարածվում, թե դեկտեմբերի 1-ից պարեկային ծառայությունը սկսելու է «ռեյդ» անել ու տուգանել բոլոր այն վարորդներին, որոնք իրենց մեքենաներում չեն ունենա դեղատուփ և կրակմարիչ։ Այս տեղեկությունը խուճապ է առաջացրել վարորդների շրջանում, որոնք ակտիվորեն քննարկում են մի բան, որի վերաբերյալ պաշտոնական աղբյուրով տարածված որևէ տեղեկություն մենք չգտանք։

MediaHub-ը այս թեմայով կապ հաստատեց ՀՀ ներքին գործերի նախարարության մամուլի քարտուղար Նարեկ Սարգսյանի հետ։ Վերջինս մեզ ասաց, որ այս պահին նման բան չկա։

«Ուժեղացված ծառայությունները պարբերաբար են, բայց կրակմարիչ և դեղատուփ հայտնաբերելու համար ուժեղացված ծառայություն չկա նախատեսված, որ դեկտեմբերի 1-ից պետք է սկսվի»,-ասաց Նարեկ Սարգսյանը։

Անդրադառնալով ամրագոտիներին վերաբերող հարցին, որ ԱԺ պատգամավոր Արսեն Թորոսյանը հորդորել էր ոստիկանությանը, որ ավելի խիստ մոտեցում ցուցաբերեն չամրակապված երթևեկող վարորդների նկատմամբ, ՆԳՆ մամուլի քարտուղարն ասաց․ «Կարծում եմ՝ վաղը մենք առանձին այդ մասին կանդրադառնանք ու մեր էջով կտարածենք, թե որքան են ավելացել տուգանքները: Վաղը ավելի պատկերավոր՝ թվերով կտեղադրենք»։

Վահե Մակարյան