ՀՀ իշխանությունը կրկնում է թուրքական քարոզչական թեզերը՝ ստանալով լեգիտիմություն Թուրքիայի կողմից

ՀՀ-ն շրջափակման մեջ է Թուրքիայի կողմից, և այդ շրջափակումը համապարփակ է՝ տնտեսականից մինչև քաղաքական ու ռազմական։

Այդ մասին MediaHub.am-ի հետ զրույցում ասաց թուրքագետ Վարուժան Գեղամյանը՝ անդրադառնալով երկրաշարժից տուժած Թուրքիա հումանիտար օգնություն ուղարկելուն և դրան հաջորդած հայտարարություններին, թե այսկերպ հնարավոր է բացվի հայ-թուրքական սահմանը և դիվանագիտական հարաբերություններ կարող են հաստատվել։

Նրա խոսքով՝ այս շրջափակման նպատակը ՀՀ-ին դժվար կացության մեջ դնելու համար է, ու դա թշնամական քաղաքականություն է։

«Իսկ Հայաստանի դե ֆակոտ իշխանություններն այս պահին օգտվել են Թուրքիայի՝ իր իսկ կողմից փակած սահմանային անցակետի մի քանի րոպեանոց բացվածքից։ Սա թուրքական կողմից փակված սահմանային անցակետի մի քանի րոպեանոց բացում էր, որը չի կարելի ներկայացնել որպես ձեռքբերում։ Պետք է արձանագրել նաև, որ ՀՀ դե ֆակտո իշխանությունները շարունակում են կատարել այն նախապայմանները, որոնք առաջ են քաշվում Թուրքիայի կողմից»,- նշեց թուրքագետը։

Գեղամյանի դիտարկմամբ՝ ՀՀ դեֆակտո իշխանությունները իրենց հաշվարկներով փորձում են մեղմել թուրքական քաղաքականությունը, բայց ոչ, չեն մեղմելու, քանի որ հենց նույն պահին թուրքերը 120 հազար հայի ենթարկում են ցեղասպանության։

«ՀՀ դե ֆակտո իշխանությունները դեռ պատերազմի օրերին էին հայտարարում, որ Թուրքիան վերադարձել է Հարավային Կովկաս, ու եկել է ցեղասպանություն իրականացնելու։ Իսկ հիմա ՀՀ դե ֆակտո իշխանությունը կրկնում է թուրքական քարոզչական թեզերը, դրա դիմաց ստանալով լեգիտիմություն Թուրքիայի ու Ադրբեջանի կողմից։ Հայաստանը կորցրել է իր սուբյեկտայնությունը, և այն հանձնել է Թուրքիային ու Ադրբեջանին»,- շեշտեց Վարուժան Գեղամյանը։

Մանրամասները՝ տեսանյութում։