Եվս մեկը հայտնվեց Փաշինյանի սեւ ցուցակում, Ինչ է խոստացել իշխանություններին. Մամուլը՝ սուրճով

Եվս մեկը հայտնվեց Փաշինյանի սեւ ցուցակում, Ինչ է խոստացել իշխանություններին. Մամուլը՝ սուրճով

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. ««Ժողովուրդ» օրաթերթի տեղեկությունների համաձայն՝ 2020 թվականին՝ կորոնավիրուսի շրջանում, ենթադրյալ չարաշահումների գործով հակակոռուպցիոն դատարանում քննվող գործի մեղադրյալները հույսը դրել են ՔՊ պատգամավոր Արսեն Թորոսյանի վրա։ Մասնավորապես, մեղադրյալները սպասում են, որ նա կգնա դատարան ու ցուցմունք տալով կապացուցի, թե ինչ ապօրինի գործ են հարուցել իրավապահ մարմինները, ու իր ենթակայության տակ գործող պաշտոնյաները ինչքան անմեղ են: Ասել է թե՝ «քովիդի գործով» մեղադրյալները հույս ունեն, որ Թորոսյանը, ինչպես ճողոպրեց այս քրեական գործից որպես ենթադրյալ մեղադրյալ, նույնպես եւ դատարանից չոր դուրս կգա:

Հայտնել էինք, որ հակակոռուպցիոն դատարանում սկսվել է վկաների հարցաքննության փուլը: «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկությունների համաձայն՝ հակակոռուպցիոն դատարան հարցաքննության կհրավիրվի առողջապահության նախկին նախարար, ներկայումս ՔՊ պատգամավոր Արսեն Թորոսյանը, ով այս չարաշահումների գործով վկայի կարգավիճակով մեկ անգամ արդեն հարցաքննվել է:

Կորոնավիրուսի շրջանի ենթադրյալ չարաշահումների գործով անցնողներն են առողջապահության նախկին փոխնախարար Գեւորգ Սիմոնյանը եւ այլ անձինք: Ըստ հակակոռուպցիոն կոմիտեի՝ Գեւորգ Սիմոնյանը, պատասխանատու լինելով պետական ֆինանսավորման բաշխման համար, քավոր-սանիկական կապ ունենալով «Մեդլայն» կլինիկայի տնօրենի հետ, բավարար վերահսկողություն չի իրականացրել, ինչի հետեւանքով Բաբկեն Շահումյանը հափշտակել է շուրջ 120 միլիոն դրամ։ Ըստ իրավապահների՝ պատասխանատուները բուժվողների վերաբերյալ «Մեդլայն կլինիկի» տրամադրած կեղծ տվյալները չեն համադրել բուժառուների փաստացի առողջական վիճակի հետ ու չեն արձանագրել անհամապատասխանությունները:

Նկատենք, որ Արսեն Թորոսյանը նպատակ ունի «մաքրել» իրեն ու ԱԺ առողջապահության հանձնաժողովի նախագահ ընտրվել ՔՊ ձայներով. այսինքն՝ նոր պաշտոն ստանալ»:

 

«Իրավունք» թերթը գրում է. «Հայտնի կամանդույուշին տարին սկսել է ակտիվ քննարկումներով: Նրան մոտ կանգնած աղբյուրների համաձայն, վերջինս «ռեսթարթ» է արել ողջ թիմը, այլ կերպ ասած, սկսել է մաղել իրոք գործ անող, նվիրյալներին, իսկ մյուսներին, ինչպես մեր աղբյուրն է ասում. «Պասլատ է արել куда подальше»:

Բալասանյանը թիմակիցներին հանձնարարել է լրջորեն զբաղվել արցախահայության հետ, նրանց հետ հանդիպել, հավաքագրել խնդիրներ ու մանրամասն ներկայացնել իրեն: Իսկ պատճառը առաջիկա ընտրություններն են:

Սյամոն մտերիմ շրջապատում անկեղծացել է, որ իշխանությունները ձեռ ու ոտեն ընկել, խնդրում են իր աջակցությունը տարբեր ընտրություններում:

Կամանդույուշին էլ խոստացել է ջանք ու եռանդ չխնայել, իհարկե` համապատասխան վերաբերմունք ակնկալելով իր անձի հետ կապված:

 

«Հրապարակ» թերթը գրում է. Սրբուհի Գալյանի նախարար նշանակվելուց հետո արդարադատության նախարարությունում, ինչպես հայտնի է, լայնամասշտաբ չիստկա է սկսվել` հերթով ազատում են նախկին նախարար Գրիգոր Մինասյանի կադրերին, տիկին Գալյանի յուրայիններին նշանակում:

Երեկ էլ նախարարը Հարկադիր կատարումն ապահովող ծառայության կենտրոնական մարմնի, Երևան քաղաքի և տարածքային ստորաբաժանումների ղեկավար կազմին է ներկայացրել ԴԱՀԿ ծառայության նորանշանակ պետ Սիրո Ամիրխանյանին: Ամիրխանյանը մինչ այս զբաղեցնում էր Գլխավոր դատախազության՝ ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման վարչության պետի պաշտոնը, այսինքն Գալյանի ենթական է եղել:

ԴԱՀԿ նախկին պետ Արսեն Մնացականյանը պաշտոնից ազատվել էր 2024թ. դեկտեմբերի 5-ին: Մեր տեղեկություններով` նա մերժել է նախարարի հրավերը եւ երեկ ներկա չի գտնվել «հանձնման-ընդունման»՝ նոր պետի ներկայացման արարողությանը: Ի դեպ, սա վաղուց գործող ավանդույթ է` երբ հեռացող ղեկավարը, որքան էլ դժգոհ լինի պաշտոնանկությունից, ներկա է գտնվում նորի ներկայացմանը: Մնացականյանը պատճառաբանել է` իբր քաղաքում չէ, սակայն նրա շրջապատից տեղեկացանք, որ ցանկություն չի ունեցել:

Արդարադատության նախարարի խոսնակ Ծովինար Խաչատրյանին հարցրեցինք` ինչու նախկին պետը ներկա չէր արարողությանը: «Նախկին պետը հրավիրված է եղել, սակայն փոխանցել է, որ քաղաքից բացակայում է»,-ասաց խոսնակը:

 

«Հրապարակը» գրում է․ Հեղափոխության օրերին Նիկոլ Փաշինյանի պահապան հրեշտակի դերը կատարող, նրան ջուր հասցնող, նրա շիշը բռնող Հայկ Սարգսյանը, որն այժմ ՔՊ խմբակցության պատգամավոր է, մի միջադեպից հետո հայտնվել է Փաշինյանի սեւ ցուցակում: Խոսքը ՔՊ կուսակցական ակտիվի նիստում անտառահատումների մասին Հայկ Սարգսյանի զեկույցի եւ Փաշինյանի քավոր Հայկ Ղալումյանի միջեւ ընդհարման մասին է, որի թեման եղել են Տավուշի անտառները: Այդ բախումից հետո Փաշինյանը հանձնարարել է պարզել Հայկ Սարգսյանի հետաքրքրությունների մոտիվացիան:

ՔՊ-ում կարծում են, որ Հայկ Սարգսյանին լավ օրեր չեն սպասվում, քանի որ հենց նիստում Փաշինյանը խիստ կողմնապահություն է արել` պաշտպանելով իր մանկության ընկերոջն ու քավորին` Տավուշի մարզպետ Ղալումյանին: Եւ հանդիմանել է Սարգսյանին, թե ուզում ես բոլորը դատվե՞ն, կա՞ խնդիր` եկեք վերացնենք, ոչ թե դատենք։ Եւ սա ասում է այն պարագայում, երբ ամենաչնչին ու չհաստատված մեղադրանքներով երկրում շարունակ մարդ են կալանավորում:

Ուշագրավ է, որ երեքշաբթի օրը անտառահատումների թեման քննարկվել է նաեւ կուսակցության վարչության նիստին, սակայն հրավիրվել են միայն Շրջակա միջավայրի նախարար Հակոբ Սիմիդյանն ու Հայկ Ղալումյանը, իսկ անտառահատումների մասին բարձրաձայնող Հայկ Սարգսյանին չեն կանչել: Ինչը նշանակում է, որ մարզպետն ու նախարարը Փաշինյանի իմացությամբ են գործում եւ դրա համար էլ փորձում են ծածկադմփոց անել անտառների վիճակը։

Հիշեցնենք նաեւ, որ Սարգսյանների ընտանիքը վաղեմի կապեր ունի Նիկոլ Փաշինյանի հետ: Հայկ Սարգսյանի երկորյակ եղբայրը` Նաիրի Սարգսյանը, հեղափոխությունից հետո Փաշինյանի օգնականն էր: Նրան 2022-ի հունվարին ազատեցին պաշտոնից` որեւէ կերպ չբացատրելով պատճառները: Եւ նա վերջերս սկսել է մեղմ տոներով քննադատել իշխանություններին: