Այն, ինչ տեղի է ունենում Ուկրաինայում, կարող է տեղափոխվել Հայաստան, այդ մասին ՌԴ-ն զգուշացրել է
Մարդը, որ հիմա ներկայանում է որպես ՀՀ վարչապետ, իր խոստումը չի կատարում, ինքը խոստանում էր ամեն հարց քննարկել Հայաստանի ու Արցախի ժողովրդի հետ, սակայն հերթական անգամ ստվերային որոշում է ընդունում։ Այդ մասին այսօր լրագրողների հետ զրույցում ասաց քաղաքագետ Ստեփան Դանիելյանը։
Նրա խոսքով՝ այս ամենը կարող է ճակատագրական լինել մեզ համար։
«Այն, ինչ տեղի է ունենում Ուկրաինայում, կարող է տեղափոխվել Հայաստան, այդ մասին ՌԴ-ն զգուշացրել է։ Եվ այդ դեպքում Հայաստանի տարածքը կդառնա երկրորդ թեժ մրցակցության տեղը։ ՌԴ-ն պաշտոնական մակարդակով արդեն զգուշացնում է, ու մենք պետականությունը կորցնելու վտանգի առաջ ենք»,- շեշտեց Դանիելյանը։
Ըստ նրա՝ այս ամենը գալիս է նրանից, որ ՀՀ իշխանությունները ճակատագրական որոշումներ են գաղտնի կերպով ընդունում։
«Մենք պետք է հասկանանք, որ Ադրբեջանի նախագահն այժմ շտապում է, քանի որ 44-օրյա պատերազմում մեծ կոալիցիա է եղել, և Ադրբեջանը Արևմուտքի առաջ պարտավորություններ է վերցրել՝ ընդդեմ Իրանի, ընդդեմ ՌԴ-ի։ Մենք պետք է հասկանանք, որ ՌԴ-ն զբաղված է Ուկրաինայի հարցերով, ու հիմա ժամանակ է առաջացել Հայաստանի հարցերը լուծելու ու մեր տարածքով ներխուժելու Կենտրոնական Ասիա։ Այս շտապողականությունը դրանով է պայմանավորված»,- ասաց Դանիելյանը։
Մանրամասները՝ տեսանյութում։