ՔՊ-ն Արցախը վաճառելու գործում միայնակ է․ ԱԺ-ում ամեն ինչ կա, բացի ՀՀ և Արցախի շահերի պաշտպանությունից․ Սաղաթելյան

ՔՊ-ն Արցախը վաճառելու գործում միայնակ է․ ԱԺ-ում ամեն ինչ կա, բացի ՀՀ և Արցախի շահերի պաշտպանությունից․ Սաղաթելյան

Այս ԱԺ-ն ձևավորվել է 2020 թվականի պատերազմի պարտությունից հետո, սակայն պարտության և ամոթի մարմնացման ձեռքով այս ԱԺ-ն դարձավ և վստահ եմ՝ կմնա պատմության մեջ որպես նորանկախ Հայաստանի ամենախայտառակ գումարման Ազգային ժողովը։ Այս մասին «Հայաստանի իրական օրակարգը. Հայաստան և Արցախ. անվտանգային ահագնացող սպառնալիքներ» քննարկմանը իր ելույթում ասաց ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Իշխան Սաղաթելյանը։

Սաղաթելյանի խոսքով՝ այս ԱԺ-ում իշխող մեծամասնության պատճառով իսպառ բացակայում է պետական ու ազգային շահը: Ըստ նրա՝ մինչ իրենք քննարկում են Հայաստանի համար կարևոր հարցերը, խորհրդարանում կրկես հիշեցնող էժանագին շոուն է շարունակվում։ 

Վերջինս հիշեցրեց ԱԺ-ի աշխատանքերը բոյկոտելու իրենց որոշումը. «Այսօր ԱԺ-ում ամեն ինչ կա, բացի Հայաստանի և Արցախի, հայ ժողովրդի շահերի պաշտպանությունից։ ԱԺ մեծամասնությունը հրաժարվում է դեմ արտահայտվել օկուպացված Շուշիում ստորագրված թուրք-ադրբեջանական հռչակագրին։ Ուրեմն հարկավոր է նրանց միայնակ թողնել թշնամուն սպասարկելու իրենց ընտրության մեջ։ ՔՊ-ն Արցախը վաճառելու գործում միայնակ է»,- ասաց նա։ 

Նշենք, որ քննարկումը նախաձեռնվել է ԱԺ «Հայաստան» և «Պատիվ ունեմ» խմբակցությունների կողմից: Քննարկմանը ներկա են նաև քաղաքական տարբեր գործիչներ, մտավորականներ, փորձագետներ։ Խորհրդարանական ընդդիմությունը չի մասնակցում ԱԺ մեկնարկած աշնանային նստաշրջանի աշխատանքներին:

Լիաննա Թորոսյան