Հրամանատարին հարցրեց՝ ո՞ւր է տղաս. երկար լռությունից հետո ասաց՝ «ցավում եմ, բայց Գևորգը էլ չկա»․․․

Հրամանատարին հարցրեց՝ ո՞ւր է տղաս. երկար լռությունից հետո ասաց՝ «ցավում եմ, բայց Գևորգը էլ չկա»․․․

«Ես միայն ամուսին չեմ կորցրել, Գևորգն իմ ընկերն էր, որ ասում են կյանքի ընկեր, ինքն այդ իսկական ընկերն էր։ Ողնաշարս կոտրվեց սեպտեմբերի 19-ին»,- MediaHub-ի հետ իր վիշտն է կիսում Մարտակերտի շրջանի Մոխրաթաղ գյուղից տեղահանված Սվետլանա Վահանյանը։ 

Ամուսնու՝ Գևորգ Սարգսյանի զոհվելուց հետո, կինը մնացել է միայնակ իր 6 երեխաների հետ.

«Երեխաներից միայն Կարենն է չափահաս, նոր է լրացել 18-ը, իսկ փոքրը 4 տարեկան է։ Երբ դիրքերից տուն էր գալիս, ցնծություն էր մեր օջախում։ Երջանկությունս, սակայն, ընդհատվեց 2023-ի սեպտեմբերին»,-ասում է Սվետլանան։ 

Գևորգը ՊԲ պայմանագրային զինծառայող էր, հերթապահում էր Նոր Կարմիրավան գյուղի բլոկպոստում։ Ամեն օր զանգահարում էր մորը կամ կնոջը, միասին ամփոփում էին անցնող օրը, որը հատկապես բլոկադայի ժամանակ դժվարացել էր։ Սեպտեմբերի 19-ին ընտանիքի անդամների հետ խոսել է սովորականի նման։ Իսկ եղբայրը՝ Գարիկը, որ Հաթերքի դիրքերում էր, Գևորգի հետ կապ չի կարողացել հաստատել։ Հետո կռիվը սկսվել է։ 

«Շատ դաժան օր էր ամսի 19-ը։ Պատերազմի առաջին րոպեից սկսած անընդհատ զանգել եմ, հեռախոսը ձեռքիցս վայր չեմ դրել, իր զանգին եմ սպասել, որն այդպես էլ չեկավ։ Դրանից հետո իրավիճակի կտրուկ փոփոխություն եղավ, ասացին տեղահանվում ենք։ Ո՛չ լուր կար Գևորգից, ո՛չ կապ կար որևէ մեկից ճշտելու։ Այդպես, մենք էլ սեպտեմբերի 24-ին տեղահանվեցինք։ Մեզ նույնիսկ Ստեփանակերտ չբերեցին, այլ միանգամից տարան Հայաստան»,-պատմում է կինը, նշելով, որ ամուսնուց օրերով զանգ չստանալը նրան հուշել է ամենավատի մասին։ 

Երբ ընտանիքը տեղափոխվել է Հայաստան, այդ ժամանակ Արցախում հեռախոսակապը մասամբ վերականգնվել էր. 

«Անորոշ, սպասողական վիճակ էր։ Սիրտս կծկվել էր, իսկ երեխաների հարցերին պատասխան չէի կարողանում տալ։ Մեծերը հարցերով ինձ չէին ծանրաբեռնում, զգում էին մի տեսակ, բայց բոլորս հրաշքի էինք սպասում։ Սկեսուրս զանգեց Գևորգի հրամանատարին, հարցրեց՝ ո՞ւր է տղաս: Երկար լռությունից հետո նա ասաց՝ ցավում եմ, բայց Գևորգը էլ չկա»։ 

42-ամյա նռնականետորդ Գևորգ Սարգսյանն անմահացել է Մարտակերտի 720 դիրքում: 

«Դրանից հետո սկսվել է նրա դիակի որոնման գործընթացը։ Վանաձորի դիահերձարանում գտանք և հուղարկավորեցինք «Եռաբլուր» պանթեոնում։ Երեխաները շատ են կարոտում նրան, շատ կապված էր բոլորի հետ։ Մինչ պատերազմը հեռախոս էր գնել 12-ամյա դստեր համար, մյուսին էլ խոստացել էր՝ գնամ պոստեր գամ, քեզ համար էլ կառնեմ։ Որպեսզի երեխան շատ չնեղվի, մորաքույրն է նրան նոր հեռախոս առել՝ հոր անունից»։ 

Շատ երազանքներ ուներ Գևորգ Սարգսյանը։ Նրա հայրը շախմատիստ է եղել, շախմատով նաև որդին՝ Կարենն է հետաքրքված։ Մայրն ասում է, որ երազում էր Կարենին հասցնել իր նպատակներին։ 

Բարեսիրտ տղա էր, հոգատար հայր, օրինակելի որդի ու ամուսին․ Սվետլանան այսպես է բնութագրում Գևորգին։ Նա այժմ միայնակ ամեն ինչ անում է, որ իր 6 երեխաներին նաև հայրական ջերմություն տա. «Ցերեկն ուրախանում եմ երեխաների հետ, խաղում, իսկ գիշերը միայն ես գիտեմ, թե ինչպես եմ լուսացնում»…

Հունան Թադևոսյան